ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Ֆրանսիական համալսարանական գործունեության Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆաբեին Ֆլորի Ֆաբիենին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, ողջունելով պարոն Ֆաբիենին' Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը, լինելով Ֆրանկոֆոն երկրների անդամ, կարևորում է ֆրանսերենի դերը ՀՀ կրթական համակարգում:

 

 

«Սա նախևառաջ քաղաքական որոշում է, որովհետև Ֆրանկոֆոն երկրների սիրտը Ֆրանսիան է' Հայաստանի համար բարեկամ երկիր: Իրականում գիտամշակութային նախագծերը կարևոր տեղ ունեն ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում»,-նշել է նախարարը' ընդգծելով, որ Հայաստանում ֆրանսերենով բարձրագույն կրթություն է իրականացնում միայն Ֆրանսիական համալսարանը, սակայն, ըստ Արմեն Աշոտյանի, այլ բուհեր ևս ունեն նման պոտենցիալ, օրինակ ԵՊՃՀ-ն, որն ունի նաև ֆրանսիացի ո ւսանողներ:

 

 

Նախարարը հավաստիացրել է, որ նախարարությունն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել Ֆրանսիական համալսարանական գործունեությանը Հայաստանում:

 

 

Պարոն Ֆաբիենն իր հերթին նշել է, որ կազմակերպության նպատակն է աջակցել Հայաստանում մշակութային բազմազանությանը, մայրենիի կողքին բարձրացնել ֆրանսերենի դերը: Նրա խոսքով' կազմակերպության նպատակներից է նաև աջակցել ՀՀ բուհերին' ստեղծել ֆրանսախոս հետազոտողների մասնագիտական ցանց, որը միջոց կհանդիսանա առավել սերտ համագործակցության նաև ԵՄ շրջանակներում:

 

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԵՊՀ-ում Ֆրանկոֆոնիայի կենտրոն բացելու, ուսանողների փոխանակման ծրագրերի, նախարարության և Ֆրանսիական համալսարանական գործունեության միջև փոխըմբռնման հուշագիր կնքելու հնարավորությանը: