Արցախ-Ֆրանսիա համագործակցությունն հոկտեմբերի 12-ին լրացել է գործնական ևս մեկ քայլով՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ Ստեփանակերտում «Պոլ Էլուար» ֆրանկոֆոնիայի կենտրոնի կառուցման վերաբերյալ հուշագրի ստորագրմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, այս մասին հայտնել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբուլանը՝ Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ Ֆրանսիայի պատվիրակության հանդիպման ժամանակ։ Ռոշբուլանը նաև հույս է հայտնել, որ Ֆրանսիայի մյուս քաղաքները ևս կմիանան Արցախի քաղաքների հետ համագործակցության հուշագրերի ստորագրմանը:
Ֆրանսիայից Արցախ ժամանած պատվիրակության կազմում են «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, լրագրողներ և Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի պատասխանատուն: Պատվիրակությանն Արցախում ուղեկցում է Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:
Խոսելով Արցախի և Ֆրանսիայի համագործակցության մասին՝ խորհրդարանի ղեկավարն այն գնահատել է որպես հաջողված և օրինակելի բարեկամություն, որի նշաձողը տարեցտարի բարձրանում է: Աշոտ Ղուլյանն անդրադարձել է նաև Արցախի ու Ֆրանսիայի քույր քաղաքների և գյուղերի համագործակցությանը և գործընթացում ծագած խոչընդոտներին:
Ֆրանսիայի Առնուվիլ և Բուրգ լե Վալանսի քաղաքապետեր Պասկալ Դոլը և Մարլեն Մուրիեն, խոսելով այս տարի հունիսի 11-ին Գրենոբլի վարչական դատարանի կողմից չեղարկված Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև համագործակցության հռչակագրերի մասին, նշել են, որ հետևողական են լինելու անհարթությունները վերացնելու գործում:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ֆրանկոֆոնիայի միջոցով Արցախը ճանաչելի դարձնելու, քույր քաղաքների միջև նպատակային համագործակցությանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին վերաբերող թեմաների շուրջ:
Հանդիպմանը մասնակցել են նաև «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամ ԱԺ պատգամավորներ: