ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց, որ Կառավարությանն են ներկայացրել 2017 թվականին կառուցապատման ներդրումային ծրագրերը, որոնցից 105 մլն դոլարի ծրագրեր համարվել են իրատեսական և դրանք կիրականացվեն 3 տարվա ընթացքում: Ասուլիսի ընթացքում Նարեկ Սարգսյանը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք պատրաստվում են իրագործել: Դրանց թվում էր նաև «Սասունցի Դավթի» կայարանամերձ տարածքի քանդումն ու նոր շինարարական աշխատանքներ սկսելը:
«Կայարանամերձ շինությունը կքանդվի և այս տարի կսկսվեն շինարարական աշխատանքները: Նշված տարածքում կկառուցվի բարձր դասի հյուրանոցային համալիր, գրասենյակային, առևտրային համալիր, սակայն այս պահին դա քննարկման փուլում է»:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահն ընդգծեց, որ խոսքը վերաբերում է այն հատվածին, որտեղ ԽՍՀՄ-ի տարիներին եղել է «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը. «Այդ շենքը մնաց հավաքովի կոնստրուկցիայով, հենց այդ հավաքովի բետոնե կարկասը կքանդվի: Ես ներդրողին ոչ թե պարտադրել, այլ առաջարկել եմ հենց այն հատվածում, որտեղ կինոթատրոն է եղել, մի փոքր կինոթատրոն կառուցել և անվանակոչել «Սասունցի Դավիթ», նա էլ համաձայնել է»: