Այս պահին Հանրապետության հրապարակում և կառավարության շենքի առջև հազարավոր քաղաքացիներ են հավաքվել՝ պահանջելով ներկայացնել ԲՀԿ քաղխորհրդի անդամ, «Կասեցում» հասարակական շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու դեպքի մանրամասները:

 

Բողոքի ակցիային, որի կարգախոսն է «Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք», միացել են ԲՀԿ-ական պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, Վարդան Օսկանյանը:

 

Լրագրողների հետ զրույցում Վարդան Օսկանյանը նշեց, որ պետք է դատապարտել այս  երևույթը, մինչև վերջ պահանջել բացահայտել. «Սա արդեն դարձել է աշխատելաոճ, միջոց՝ մարդկանց լռեցնելու, այնպես որ, դրա դեմ պետք է ազգովի ընդվզել և պահանջել հնարավորինս շուտ բացահայտել»:

 

Վարդան Օսկանյանը հորդորեց մի կողմ թողնել կուսակցական խնդիրները. «Սա արդեն պատերազմ է՝ հայտարարված ժողովրդի դեմ»,- նշեց պատգամավորը: 

 

Ի պատասխան Լուրեր.com-ի թղթակցի այն հարցին, թե այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի՞ բողոքի ակցիային, Օսկանյանը նշեց, որ ինքն այդ մասին տեղեկություն չունի: