Ադրբեջանում գործազրկությունը 2015 թվականի հունվարի 1-ից մեծ աճ է գրանցել: Դա պայմանավորված է նավթի համաշխարհային գների անկման պատճառով Ադրբեջանի կառավարության որոշմամբ մասշտաբային ենթակառուցվածքային նախագծերի իրականացման դադարեցմամբ, նավթավերամշակման ոլորտի ձեռնարկություններում սկսված զանգվածային կրճատումներով և բազմաթիվ պետական և ոչ պետական կառույցների վերացմամբ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը:
Թերթը գրում է, որ Ադրբեջանի էկոնոմիկայի նախկին նախարար Օքթայ Հախվերդիևի կանխատեսումներով, անգամ 2015 թվականի բյուջեում մեկ բարելի դիմաց նավթի 90 դոլար գնի դեպքում, Ադրբեջանի պետբյուջեի դեֆիցիտը պետք է կազմեր 1,6 մլրդ դոլար, իսկ ներկայիս' 60 դոլարից ցածր գնի պայմաններում Ադրբեջանը կարող է կորցնել 4 մլրդ դոլար, և նման ճգնաժամի պատճառով երկրում կարող է գործազրկության կտրուկ թռիչք տեղի ունենալ: Նրա կարծիքով' Ադրբեջանում մոտ ժամանակում շատերին հարկ կլինի փոխել աշխատանքի վայրը, գուցե և մասնագիտությո ւնը' հարմարվելով փոփոխվող աշխատանքի շուկային:
«Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևն էլ իր հերթին հիշեցրել է, որ Արժույթի համաշխարհային հիմնադրամը և Ասիական բանկը դեռևս 2008 թվականին էին կանխատեսել Ադրբեջանի էկոնոմիկայում ծագած այսօրվա ճգնաժամը:
«Դա կառուցվածքային ճգնաժամ է, որովհետև Ադրբեջանի էկոնոմիկայում նավթի մասնաբաժինը շատ մեծ է», -նշել նա:
Ադրբեջանի «Ումիդ» կուսակցության նախագահ, խորհրդարանի պատգամավոր Իգբալ Աղազադեն ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտնել է, որ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերթքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձևավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: