Աֆղանստանում 2015 թվականին ահաբեկչությունների և ռազմական գործողությունների արդյունքում զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 11 հազար խաղաղ բնակիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է քաղաքացիական հասարակության պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ-ի ամենամյա զեկույցում: Բախումների զոհ է դարձել ավելի քան 3,5 հազար մարդ, տուժել է ավելի քան 7,4 հազարը:
«Սպանված և վիրավորված երեխաների թիվն անցած տարի աննախադեպ էր: 2015-ին տուժածներից յուրաքանչյուր չորրորդը երեխա է: 2014թ. համեմատ, բախումների հետևանքով տուժած կանանց թիվը աճել է 37 տոկոսով»,-ասված է ՄԱԿ-ի զեկույցում:
Աֆղանստանում իրավիճակը վերջին ամիսներին նկատելիորեն վատացել է: «Թալիբան» ծայրահեղական խմբավորումը, որն ավելի վաղ իր հսկողության տակ էր վերցրել երկրի գյուղական շրջանների զգալի հատվածը, գրոհը տեղափոխեց քաղաքների ուղղությամբ: Միևնույն ժամանակ, Աֆղանստանում սկսել է ակտիվություն դրսևորել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: