Աշխարհում 2015 թվականին ռազմական ծախսերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 1 տոկոսով եւ կազմել 1,676 տրիլիոն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է սպառազինությունների գլոբալ ծախսերի վերաբերյալ Խաղաղության հիմնախնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (ԽՀՀՄԻ) հրապարակված զեկույցում:

 

 

Անցյալ տարի սպառազինությունների վրա մյուսներից ավելի շատ են ծախսել ԱՄՆ-ը, որին բաժին է ընկնում 36 տոկոսը՝ 596 մլրդ դոլար, Չինաստանը՝ 13 տոկոս՝ 245 մլրդ դոլար, Սաուդյան Արաբիան՝ 5,2 տոկոս՝ 87,2 մլրդ դոլար, Ռուսաստանը՝ 4 տոկոս՝ 66,4 մլրդ դոլար:

 

 

2015 թվականին ԱՄՆ-ը շարունակել է պահպանել առաջին տեղը սպառազինությունների համար կատարված ծախսերի ցուցանիշով, թեեւ դրանց ծավալը կրճատվել է 2,4 տոկոսով՝ մինչեւ 596 մլրդ դոլար: Չինաստանի եւ Սաուդյան Արաբիայի համար այդ ցուցանիշն աճել է համապատասխանաբար 7,4 տոկոսով՝ մինչեւ 215 մլրդ դոլար եւ 5,7 տոկոսով՝ մինչեւ 87,2 մլրդ դոլար: Առաջին հնգյակը եզրափակում է Մեծ Բրիտանիան (55,5 մլրդ դոլար): Առավել խոշոր ռազմական բյուջեներ ունեցող 15 երկրների թվում առավել մեծ աճ է արձանագրել Ավստրալիան (7,8 տոկոս), իսկ ամենալուրջ կրճատումը՝ Իտալիան (մինուս 9,9 տոկոս):

 

 

Անցած տասնամյակում աշխարհի բազմաթիվ երկրներում ռազմական ծախսերի կտրուկ աճ էր դիտվում, ինչը հնարավոր դարձավ նավթի բարձր գների, ինչպես նաեւ նոր հանքավայրերի բացման եւ դրանց շահագործման շնորհիվ: Սակայն 2014 թվականին էներգակրի գների անկումը այդ միտումը փոխեց նավթ արդյունահանող բազմաթիվ երկրներում, որը խոստանում է պահպանվել նաեւ 2016 թվականին:

 

 

Երկրների այդ խմբում 2015 թվականին ռազմական ծախսերի առավել զգալի կրճատումներ են արձանագրել Վենեսուելան (64 տոկոս) եւ Անգոլան (42 տոկոս): Բացի նրանցից, նվազում է արձանագրվել Բահրեյնում, Բրունեյում, Չադում, Էկվադորում, Ղազախստանում, Օմանում եւ Հարավային Սուդանում: Սակայն նավթ արդյունահանող երկրների թվում կան նաեւ այնպիսիք, որոնք շարունակել են ավելացնել ռազմական ծախսերը, չնայած նավթի գների անկմանը: Այդ երկրների թվում են՝ Ալժիրը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան եւ Վիետնամը: Ինչպես ընդգծում են զեկույցի հեղինակները, նրանք կամ հակամարտո ւթյան վիճակում են այլ երկրների հետ կամ լարվածություն ունեն տարածաշրջանային մակարդակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: