Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, որպես գլխավոր հյուր, փետրվարի 8-ին մասնակցել և ելույթ է ունեցել Շվեդայի ասորիների միության կողմից կազմակերպված երեկոյին՝ նվիրված ասորի դասական գրող, հասարակական գործիչ Նաում Ֆաիքի հիշատակին։ Իր խոսքում դեսպան Ապիտոնյանն անդրադարձել է հայ-ասորական պատմական, կրոնական և մշակութային կապերին, ներկայացրել է Հայաստանում բնակվող ասորիների վիճակը, խոսել է Սփյուռքում երկու համայնքների փոխգործակցության մասին:

 

Ելույթի հիմնական մասը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին։ Դեսպանն ընդգծել է, որ 1915թ. Ցեղասպանության պատշաճ իրավական գնահատականի բացակայությունը համապատասխան պայմաններ է ստեղծում մեր օրերում մարդկության դեմ նման հանցագործությունների իրականացման համար։ Որպես դրա վառ օրինակ' մատնանշվել են Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակի հետևանքով տարածաշրջանի հայ, ասորի, եզդի և այլ ժողովուրդների նկատմամբ իրականացվող ոճրագործությունները։

 

Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է Ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջազգային արշավը, ինչի լավագույնս իրականացմանը նպաստելու համար կարևոր է Շվեդիայում և այլ երկրներում հայ և ասորի համայնքների միջև առկա համագործակցության ամրապնդումը և համատեղ ձեռնարկների իրականացումը։

 

Դեսպանի ելույթը լայնորեն լուսաբանվել է շվեդական լրատվամիջոցներով։