Ռուսաստանի դատախազությունը Սոչիի հաշտարար դատարան է փոխանցել Հայաստանի քաղաքացի Աշոտ Առաքելյանի նկատմամբ քրեական գործը, որը, գտնվելով Ռուսաստանում, Կրեմլում պատրաստվող պայթյունի մասին կեղծ ահազանգ է ուղարկել ոստիկանություն: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կրասնոդարի մարզի դատախազությանը:

 

Դեպքը, որից հետո 37-ամյա Առաքելյանը կալանավորվել է, տեղի է ունեցել հունվարի 15-ին:

 

«Հետաքննության վարկածով՝ ապօրինաբար Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող Հայաստանի քաղաքացին, ցանկանալով ուշադրություն գրավել իր վրա, զանգահարել է Ներքին գործերի վարչության Սոչիի հարցերով հերթապահ մասի հեռախոսին և դիտավորյալ կեղծ տեղեկություն հայտնել Կրեմլում պատրաստվող պայթյունի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Մեղադրյալին սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում՝ «Ահաբեկչության ակտի մասին դիտավորյալ կեղծ հաղորդագրություն» հոդվածով: