2015 թվականի հունվարի արդյունքներով Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի եկամտային նավթի ծավալը (1,927 մլն տ) կազմել է արտահանված նավթի (2,734 մլն տ) 70,5 տոկոսը, ինչի հետեւանքով նավթի մեկ բարելի համար գինը 51 դոլար պայմաններում (յուրաքանչյուր տոննայի համար 319 դոլար) Նավթի հիմնադրամը 614 մլն դոլար է ստացել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքի կայքը, ադրբեջանցի տնտեսագետ Ռովշան Աղաեւը Facebook-ի իր էջում այդ առնչությամբ գրառել է, որ եթե նկատի առնվի, որ հիմնադրամի եկամուտների 10 տոկոսից փոքր-ինչ պակաս մասը ձեւավորվում է այլ աղբյուրներից, ապա Ադրբեջանի նավթի հիմնադրամի ամսական եկամուտը, լավագույն դեպքում, հունվարին պետք է կազմեր 680 մլն դոլար (530 մլն մանաթ):

 

«2015 թվականին Հիմնադրամը յուրաքանչյուր ամիս միայն Ադրբեջանի պետբյուջե պետք է 865 մլն մանաթ փոխանցի: Բացի այդ, Հիմնադրամի սեփական ծախսերի համար ամեն ամիս անհրաժեշտ է 118 մլն մանաթ: Այսինքն, 2015 թվականին միջին հաշվով Հիմնադրամը պետք է ամեն ամիս նվազագույնը 983 մլն մանաթ միջոց ունենա: Սակայն վերջին երկու ամսվա արդյունքներով Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը, որն ապահովում է պետբյուջեի զգալի մասը, գրեթե 2 անգամ պակաս' մոտ 530 մլն մանաթ եկամուտ է ունեցել:

 

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերթքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 40 դոլարով ցածր է: