Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը, որը հանդիսանում է երկրի պետբյուջեի հիմնական մատակարարը, շարունակում է կորուստներ կրել:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթը' հղում կատարելով ադրբեջանական փորձագետների եւ վերլուծաբանների հետազոտությունների արդյունքներին, հայտնել է, որ հիմնադրամը վերջին երկու ամիսների ընթացքում «սև ոսկու» էժանացման պատճառով կրել է 56 մլն դոլարի, ռուբլու արժեզրկման պատճառով' 96 մլն, թուրքական լիրայի արժեզրկման պատճառով' 13 մլն եւ չինական յուանի արժեզրկման պատճառով' միայն վերջին երեք օրերին 30 մլն դոլար կորուստ:

 

 

Անկախ տնտեսագետները հիմնադրամին քննադատել են վատ կառավարման համար, ինչը հիմնադրամն անպատասխան է թողել:

 

 

Ադրբեջանի նավթի հիմնադրամը խոշոր կորուստներ է կրել անցյալ տարվա կեսերից նավթի համաշխարհային գների շարունակական անկման պատճառով եւս: Ադրբեջանցի փորձագետները նշում են, որ հիմնադրամների եկամուտները խիստ նվազելու պատճառով վերջին կես տարում Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը մի քանի միլիրադ դոլար պակաս եկամուտ է ունեցել:

 

 

Ավելորդ չէ հիշեցնել, որ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

 

Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված էր 90 դոլար: Ներկայում այդ ցուցանիշն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 44 դոլարով ցածր է: