Վրացագետ Ալիկ Էրոյանցը կարծում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կարող է Ուկրաինայում բարձր պաշտոն զբաղեցնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին վրացագետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում' գրելով. «Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին օրերս հայտարարել է, որ դեռ չի որոշել կզբաղեցնի, թե ՝ոչ Ուկրաինայի հակակոռուպցիոն խորհրդի ղեկավարի պաշտոնը: Վերջինս հայտարարել է, որ քննարկումներ են ընթանում նշված հարցի շուրջ, և այն կլուծվի այն ժամանակ, երբ հաստատվի, որ տվյալ կառույցը հաստատ լինելու է անկախ:

 

Սաակաշվիլին չի բացառել, որ ինքը կարող է ղեկավարել Հակակոռուպցիոն խորհուրդը: Նրա կարծիքով՝ խնդիրն անհրաժեշտ է լուծել, դրան այլընտրանք չկա:

 

Կզբաղեցնի, թե ոչ' Սաակաշվիլին նշված պաշտոնը դեռ պարզ կդառնա, սակայն, այն, որ արդեն երկար ժամանակ է նրան տարբեր պաշտոնների են հրավիրում Ուկրաինայից՝ փաստ է: Միևնույն ժամանակ, զարմանալի է, որ Սաակաշվիլին փոխել է իր սկզբունքային դիրքորոշումը տվյալ հարցում, և եթե նախկինում հրաժարվում էր զբաղեցնել որևէ պաշտոն այդ երկրում՝ պատճառաբանելով, որ ինքը Վրաստանից բացի այլ պետության մեջ չի նախատեսում լինել որևէ պաշտոնի, և պատրաստվում է իր աշխատանքով ծառայել Վրաստանի շահերին, ապա այժմ արդեն իսկ դիտարկում է Ուկրաինայում հնարավոր պաշտոնավարման հարցը :

 

Հիշյալ հանգամանքը, անշուշտ, պայմանավորված է Արևմուտքի դիրքորոշմամբ, և չի բացառվում, որ անհրաժեշտության դեպքում, և եթե այդպես որոշի հատկապես Ամերիկան, Սաակաշվիլին կարող է դառնալ նույնիսկ Ուկրաինայի նախագահ»:

 

Վրացագետի դիտարկմամբ' վերոնշյալը հեռու չէ իրականությունից, և եթե հաշվի առնվի այն հանգամանքը, որ Սաակաշվիլին հարազատ երկիր է համարում Ուկրաինան, ուսանել է այնտեղ, տիրապետում է ուկրաիներենին, իսկ ուկրաինացիները, ընդհանուր առմամբ, համակրանքով են վերաբերում նրան: Այս ամենից պարզ է դառնում, որ առաջին քայլը կարող է լինել հենց Սաակաշվիլու կողմից Հակակոռուպցիոն կառույցի աշխատանքների համակարգումը: