«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում մի քանի օր առաջ իրավապահները ստուգումներ են անցկացրել և առգրավել են մի շարք դեղորայքներ։ Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ընկերության բժիշկներից Արտաշես Սահակյանը և ավագ բուժքույր Ջուլիետա Սարգսյանը ծանուցվել են, որից հետո ձերբակալվել։

Դեպքի վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Նադյա Բաղդասարյանի հետ: Վերջինս նշեց, թե տեղյակ չէ՝ ինչ է կատարվում. «Մեզ մոտ ստուգումներ են անցկացրել, որի ընթացքում ամբողջ պահարանի մեջ եղած հոգեմետ դեղորայքը իրենց մատյաններով առգրավել են: Այդ նույն օրը երեկոյան 2 բժիշկներին ծանուցել են, որ ներկայանան ոտիկանություն, որտեղ էլ ձերբակալել են նրանց»,- պատմեց տնօրենը:

Անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե այդ 2 բժիշկները հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառություն են արել ու կաշառք են ստացել, Նադյա Բաղդասարյանը նշեց, որ տեղյակ չէ ոչնչից։ Մեր ճշգրտող հարցին, թե արդյոք վստահում է իր բուժաշխատողներին, Նադյա Բաղդասարայնը նախընտրեց տալ չեզոք պատասխան. «Վստահ չեմ նրանց հարցում, մարդը, անգամ, այսօր ինքն իրեն չի վստահում, պարզապես, չեմ կասկածել երբեք իրենց ազնվության և անաչառության վրա»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք այդ երկու բժիշկների վարքագծում որևէ տարօրինակ բան չի նկատել, նա պատասխանեց, թե նկատել է՝ միայն բժիշկ Արտաշես Սահակյանի վարքագծում. «Մեր բժիշկը մի քիչ տաքարյուն էր, հիվանդների հետ կարող էր բարձր ձայնով խոսել, շուտ բռնկվեր, դա էր միայն իմ և նրա բանավեճի թեման: Սակայն, դա էլ եմ հասկանում, երևի իր աշխատանքի բնույթից էր նման վարքագիծը, քանի որ բավականին դժվար է թմրամոլների հետ աշխատելը: Ինքը լավ մարդ ու լավ ընկեր է: Չեմ զգացել, որ իր շահի համար ունակ է վատ բան անելու, միշտ քչով է բավարարվել»,- ասաց մեր զրուցակիցը՝ նկարագրելով նաև ավագ բուժքրոջը, որը, ըստ նրա խոսքերի, բարի և պարզ անձնավորություն էր երևում.

«Ավագ բուժքույրը հրաշալի աշխատող էր, ամեն ինչը մաքուր ու պարզ էր: Ես երբ եկա այս հաստատություն, ինքը դեռ երկար տարիներ էր, ինչ աշխատում էր այստեղ: Բավականին փորձառու է, ես երբեք չեմ մտածել, որ ինքը կարող է հանկարծ ինչ-որ սխալ բան անել. երևի թյուրիմացություն է եղել կամ չի մտածել ինչ-որ բան անելուց առաջ»,- ասաց Նադյա Բաղդասարյանը:

Զվարթ Պետրոսյան