Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո Հայաստանի քաղաքացիները սկսել են ձեռք բերել ԵՏՄ երկրների արտադրության մեքենաներ: Այս մասին է վկայում Ֆինանսների նախարարության 2015 թվականի հունվար ամսվա վերլուծությունը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ԵՏՄ անդամ երկրներում ամբողջությամբ արտադրված, ինչպես նաև Միության ապրանքի կարգավիճակ ունեցող ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում:

 

Միաժամանակ վերջին շրջանում նկատվում է Հայաստանից արտասահմանյան արտադրության մեքենաների արտահանման աճի միտում: Դա պայմանավորված այն հանգամանքով, որ օտարերկրյա պետությունների արտադրության ավտոտրանսպորտային միջոցները համեմատաբար ավելի մատչելի դրույքաչափերով են ներկրվում Հայաստան, քան՝ ԵՏՄ այլ երկիր:

 

Մաքսային ձևակերպման գործընթացից ամբողջությամբ հանվել են պարամետրերը կամ, այսպես կոչված, օպցիաները: Մյուս նորույթն ավտոմեքենաներում վնասակար արտանետումների չեզոքացուցիչի առկայությունը ստուգող փորձագիտական երկրորդ կետի բացումն է' բացառելով հերթերը: Մաքսատունը եռամսյա պարբերականությամբ հետևում է նաև ավտոշուկայի համաշխարհային միտումներին' վերանայելով մաքսազերծման սակագները, ինչի արդյունքում 15-20 տոկոսով նվազել է մի շարք ավտոմեքենաների մաքսային արժեքը: