Ճապոնիայի Hitachi High Technologies ընկերությունը հայտարարել է, որ ստեղծել է նոր սարք՝ երջանկության չափիչ, որի շնորհիվ ղեկավարությունը կկարողանա իմանալ, թե աշխատանքից որքանով են գոհ աշխատակիցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 10-ին հաղորդել են Տոկիոյի զանգվածային լրատվամիջոցները:

 

 

Վարկային քարտի չափերով սարքը հանդերձված է սենսորներով, որոնք ցույց են տալիս, թե այդ պահին ինչ է անում նա, ով այն կրում է. նստած է, կանգնած, տպում է, թե գլխով է անում:

Այդ ամենից բացի, սենսորները ձայնագրում է, թե այդ պահին ով ում հետ է խոսում, և սարքը գնահատում է աշխատակիցների ամբողջ խմբի վիճակը:

 

 

Hitachi-ի ներկայացուցիչների խոսքով՝ իրենց մտահղացումն այն է, որ գործատուներն ստանան ընկերությունն ավելի երջանիկ դարձնելու միջոց՝ ընդսմին բարձրացնելով աշխատանքի արտադրողականությունը:

 

 

Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, նորույթը Ճապոնիայում վաճառքի կհանվի այս տարվա ապրիլին և տարեկան կնստի 100 հազար իեն (840 դոլար):