Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանն այցելել է Լաթաքիա և Քեսաբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, փետրվարի 7-ին և 8-ին Տիգրան Գևորգյանը հանդիպումներ է ունեցել տեղի ազգային իշխանությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել է Սիրիայի ծովափնյա շրջաններում բնակվող, հատկապես Հալեպից, Ռաքքայից և այլ քաղաքներից գաղթած հայության կացությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

 

 

Փետրվարի 9-ին Քեսաբի Սուրբ Խաչ եկեղեցու սրահում գլխավոր հյուպատոսը քեսաբցիներին հանձնել է ՀՀ քաղաքացու անձնագրեր: Այնուհետև գլխավոր հյուպատոսը հանդիպել է Քեսաբի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ, քննարկվել են Քեսաբի վերականգնմանն առնչվող հարցերը, ինչպես նաև քեսաբցիներին հուզող մի շարք այլ խնդիրներ և դրանց լուծման հեռանկարները:

 

 

Լաթաքիա այցելության երկու օրերի ընթացքում տեղի Հայոց Ազգային Առաջնորդարանում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցների կողմից իրականացվել է հյուպատոսական ընդունելություն' Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում բնակվող հայերի համար: