Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն տվեց Ազգային ժողովի պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է դեկտեմբերի 9-ը Հայաստանում նշել որպես աշխարհի բոլոր ցեղասպանությունների հիշատակի օր: Գործադիրի նիստում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ կառավարությունը սկզբունքային առարկություններ չունի «Հայաստանի Հան­­րապ ետության տո­ների և հիշա­տա­­կի օրե­րի մա­սին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վե­րա­­բերյալ: Միաժամանակ, փոխնախարարն ընդգծեց, որ նախագծով Հայոց ցեղասպանության հիշատակի օր է ամրագրվում ապրիլի 24-ը:

 

Նախագծի ընդունումը պայմանավորված է դեկտեմբերի 9-ը որպես աշխարհի բոլոր ցեղասպանությունների դատապարտման եւ հիշատակման օր սահմանելու անհրաժեշտությամբ, ելնելով այն հանգամանքից, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիան» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին:

 

«Այս կարեւորագույն փաստաթղթում տրված է ցեղասպանության, որպես մարդկության դեմ կատարվող միջազգային հանցագործության, ծավալուն սահմանումը: Կոնվենցիայում խոսվում է նաեւ ցեղասպանության հրահրման կամ գործադրման համար մեղավորի՝ լինի դա պետություն, առանձին պաշտոնյա կամ անձ, պատասխանատվության մասին, որի դատապարտումը չի կորցնում իր հրատապությունը եւ պայքարը այդ չարիքի դեմ: Նախագծով հստակեցվում է նաեւ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա անվանումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է պատգամավորների հիմնավորման մեջ:

 

Նախաձեռնության հեղինակներն են Արտակ Զաքարյանը, Զարուհի Փոստանջյանը, Կորյուն Նահապետյանը, Թևան Պողոսյանը, Շիրակ Թորոսյանը և Ալեքսանդր Արզումանյանը: