ՀՀ կառավարությունն արդյունաբերության զարգացման նպատակով ընթացիկ տարում կներդնի 601 մլն դրամ, որն ուղղվելու է արտահանման դիվերսիֆիկացմանը և նոր շուկաներ մուտք գործելուն: Այդ նպատակով գործադիրը հաստատեց «Պետական աջակցություն արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացմանը» 2015 թվականի ծրագիրը:

 

«Որոշման նախագիծն ուղղված է արտահանման զարգացմանը՝ որպես գործիքի առավել ընդլայնված օգտագործելուն: Արտահանման քաղաքականության մեջ մենք պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնենք արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը, այսինքն, նոր շուկաների ձևավորմանը և դրանցում Հայաստանի ապրանքների առաջմղմանը: Այն գործիքները, որոնք մինչ այժմ կիրառվել են՝ կիրառվելու են ավելի ընդլայնված կերպով:

 

Ծրագրում ընդգրկել ենք ոչ միայն այն ճյուղերը, որոնք արդեն ռազմավարությամբ հաստատված են 11 ենթաճյուղերով, այլև մեր քայլերը տարածելու ենք մշակող ողջ արդյունաբերության վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն ճշմարիտյանը: Նրա խոսքով՝ ունենք ճյուղեր, որոնք նոր են առաջանում, կամ կան նախաձեռնություններ, որոնք ներդրումների մասով կարող են պոտենցիալ շուկաներ ունենալ այլ երկրներում: