Ազգային ժողովը քննարկում է «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նածագիծը, որով առաջարկվում է կարգավորել արդյունաբերական քաղաքականության մշակման, իրականացման, արդյունաբերական գոտիների գործունեության կազմակերպման ընթացքում իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, պետական կառավարման մարմինների միջև ծագող իրավահարաբերությունները, արդյունաբերության զարգացման պետական եւ տարածքային ծրագրերի մշակման եւ իրականացման հարաբերությունները: Օրենքի համահեղինակ, հիմնական զեկուցող, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք կարեւորագույն խնդիրների լուծմամբ եւ կանոնակարգմամբ, որոնք ուղղակիորեն առնչվում են երկրի տնտեսության զարգացման, արտահանման կառուցվածքի կատարելագործման, բնակչության կենսամակարդակի բարձրացման եւ սոցիալ-տնտեսական մի շարք այլ խնդիրների լուծման հետ:
«Ներկայումս մի շարք իրավահարաբերություններ, որոնք ծագում են արդյունաբերության ոլորտում տնտեսավարողների, պետական եւ տարածքային կառավարման մարմինների միջեւ, իրավաբանորեն հստակեցված չեն: Մասնավորապես, դեռեւս օրենսդրորեն սահմանված չեն արդյունաբերության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքները, աջակցության ուղղությունները, պետական կարգավորման մեխանիզմները: Դրա հետ մեկտեղ, դեռեւս օրենսդրորեն հստակեցված եւ սահմանված չեն ոլորտին առնչվող մի շարք հասկացություններ»,- ասաց Մելքումյանը:
Նա ընդգծեց, որ օրենքը կարգավորելու է այն հարաբերությունները, որոնք ծագում են իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, պետական եւ տարածքային կառավարման մարմինների միջեւ' արդյունաբերական քաղաքականության մշակման եւ իրականացման գործընթացքում: Օրենքի նախագիծը սահմանում է արդյունաբերության զարգացման պետական քաղաքականության մշակման եւ իրականացման ուղղությունները, զարգացման պետական ծրագրի, ինչպես նաեւ արդյունաբերական զարգացման տարածքային ծրագրերի մշակման, հաստատման, իրականացման եւ փորձաքննության ընթացակարգը: Օրենքի նախագիծը սահ մանում է նաեւ արդյունաբերության օբյեկտներին տրամադրվող պետական աջակցության հիմնական ուղղությունները, արդյունաբերական գոտիների կազմավորման ու գործունեության առանձնահատկությունները:
Մելքումյանի խոսքով՝ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում, այդ թվում՝ մարզերում եւ գյուղական համայնքներում, նոր աշխատատեղերի ստեղծմանը, արտագաղթի կասեցմանը, փոքր եւ միջին արդյունաբերական ձեռնարկատիրության զարգացմանը, արդյունաբերության պետական կարգավորման եւ աջակցության համակարգմանը, արդյունաբերական արտադրության արդյունավետության եւ տեղական արտադրողների մրցունակության բարձրացմանը: