Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ է ընդգրկվել «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արդյունաբերության ոլորտում առաջադիմական փոփոխություններ իրականացնել' պետական գերակայություններին համապատասխան: «Արմենպրես»-ի հետ զրույցում օրենքի հեղինակ՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է կարգավորել արդյունաբերական քաղաքականության իրականացման, արդյունաբերական գոտիների գործունեության կազմակերպման ընթացքում իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, պետական կառավարման մարմինների միջև ծագող իրավահարաբերությունները: «Նախագծով կարգավորվում է նաև արդյունաբերության զարգացման պետական և տարածքային ծրագրերի մշակման և իրականացման հարաբերությունները»,- ասաց Մելքումյանը:

 

Խոսելով նախագծի անհրաժեշտության մասին՝ պատգամավորն ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը 5 տարի է՝ իրականացնում է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն, սակայն արդյունքում Հայաստանի արտահանման ծավալները չեն գերազանցում 1.4-1.5 միլիարդ դոլարը: «Արտահանման աճը բերելու է ներդրումների ներհոսքի, իսկ մենք ասում ենք, որ արտահանման զարգացման համար պետք է լինի պետական եռամյա ծրագիր, որով վարչապետից սկսած՝ մինչև մարզպետներ և համայնքապետեր օրենքով պետք է ունենան համապատասխան իրավունքներ և լիազորություններ՝ արդյունաբերական արտադ րության աջակցման համար: Դա նրանց համար պետք է լինի պարտականություն, իսկ այդ պարտականությունները չանելու դեպքում, նրանք կենթարկվեն օրենքով սահմանված պատիժների»,- ասաց Մելքումյանը:

 

Նա ընդգծեց, որ օրենքի նախագծում կարևորագույն դրույթներից է նաև այն, որ վերը նշված եռամյա ծրագրի համար պետբյուջեում պետք է լինի ֆինանսական ռեսուրս: «Օրինակ՝ այսօր մեր արտադրության զարգացման հիմնադրամում դրված է ընդամենը 569 միլիոն դրամ, ինչը նույնիսկ 1.5 միլիոն դոլար չի կազմում: Այս գումարով, հասկանալի է, որ հնարավոր չէ արդյունաբերությանը լուրջ աջակցություն ցուցաբերել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականության զարգացման համար տնտեսավարողների վարկերի սուբսիդավորման համար տրված է ընդամենը 20 միլիոն դրամ, ինչը շատ փոքր գումար է նման սուբսիդիայի համար:

 

Նախագծով առաջարկվում է յուրաքանչյուր մարզում ստեղծել արդյունաբերական գոտիներ, որտեղ հարկային և մյուս դաշտում պետք է գործի Հայաստանում առկա ազատ տնտեսական գոտու ռեժիմը: Մելքումյանի խոսքով՝ մարզպետը, խորհրդակցելով համայնքի ղեկավարների հետ, համապատասխան տարածք կհատկացնի, որը կպարսպապատվի, կլինեն համապատասխան ենթակառուցվածքներ: «Կլինի գազ, ջուր, էլեկտրաէներգիա, ճանապարհ, իրավաբանական և մարքեթինգային խորհրդատվություն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս դեպքում փոքր և միջին արտադրություն ծավալողը կստանա արտոնություններ և արտադրանքի իրացման համար խնդիրներ չի ունենա, քանի որ այդ արդյունաբերական գոտիների համար մրցույթով կընտրվեն կառավարիչներ:

 

Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ օրենքի նախագիծը քննարկվել է նաև կառավարությունում՝ արժանանալով գործադիրի դրական եզրակացությանը: Նախագիծը հավանության է արժանացել նաև Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: «Մենք պետք է փորձենք առաջ տանել այս նախագիծը և գոնե մինչև հաջորդ տարվա հունվարի 1-ը քայլեր ձեռնարկենք դրա իրականացման համար: Սա շատ կարևոր է մեզ համար, և պետք է ասեմ, որ սա պարզագույն և աշխարհում ընդունված ծրագիր է»,- ասաց Մելքումյանը՝ տեղեկացնելով, որ նախագծի համահեղինակներ են Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

 

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում, այդ թվում՝ մարզերում և գյուղական համայնքներում, նոր աշխատատեղերի ստեղծմանը, արտագաղթի կասեցմանը, փոքր եւ միջին արդյունաբերական ձեռնարկատիրության զարգացմանը, արդյունաբերության պետական կարգավորման և աջակցության համակարգմանը, արդյունաբերական արտադրության արդյունավետության և տեղական արտադրողների մրցունակության բարձրացմանը:


Շանթ Խլղաթյան