ՀՀ կառավարության ծրագրի նախագծում զբոսաշրջությունը զարգացնելու առումով դրական ուղերձներ կան: Այս մասին նշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Կառավարության ծրագրում խոսվում է ազատ մրցակցության ու արդարության մասին, ինչը տնտեսության զարգացման հիմնաքարերից է: Շատ կարևորվում է արտահանման խթանումը՝ շեշտադրվելով, որ պետք է արտահանման ծավալները ՀՆԱ-ի նկատմամբ հասնեն 43-45 տոկոսի: Տնտեսության զարգացման կառուցվածքում լուրջ արդյունքներ են ակնկալվում զբոսաշրջության ոլորտից, ինչը շատ կարևոր է»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

 Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը նշեց, որ ոլորտում կան խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում: Մասնավորապես, նա առանձնացրեց մի շարք ուղղություններով ատեստավորման անհրաժեշտությունը:

«Մենք այսօր ոլորտում ունենք բազմաթիվ զբոսաշրջային ընկերություններ, զբոսավարներ, որոնց մի մասը բարեխիղճ աշխատող են, հարկատու են, որակյալ ծառայություն են մատուցում, աշխատատեղեր ստեղծում: Նրանց կողքին գործում են զբոսավարներ, որոնք մատուցում են ցածրորակ ծառայություններ, խաթարում են մրցակցային վիճակը: Դա կարող է էական բացասական ազդեցություն թողնել Հայաստանի իմիջի վրա, որովհետև ցածրորակ ծառայություն մատուցող զբոսավարները ապատեղեկատվություն են տարածում Հայաստանի պատմամշակութային ժառանգության մասին»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով, զբոսաշրջությունը միայն տնտեսական հարց չէ, այլ սոցիալական, մշակութային, քաղաքական նշանակություն ունի: Այս համատեքստում, Մեխակ Ապրեսյանն առաջարկում է կոնկրետ իրավական կարգավորումներ:

«Զբոսաշրջության մասին օրենքը էական դերակատարում ունեցել է, սակայն այսօր կարիք ունի լուրջ փոփոխությունների, պետք է սահմանվեն հստակ որակական չափանիշներ: Առաջարկում ենք հետամուտ լինել հետևյալ ծառայությունների լիցենզավորմանը կամ «ծանուցման ենթակա գործունեության տեսակ» սահմանումը տալը: Դրանք են՝ զբոսավարների, ուղեկցորդների, զբոսաշրջային օպերատորների և գործակալների գործունեությունը»,-պարզաբանեց նա: