ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ելույթ է ունեցել ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացման կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ելույթն ամբողջությամբ:
«Հարգելի գործընկերներ,
այսօրվանից մեկնարկում են Հայաստանի Հանրապետության 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Մաղթում եմ և հույս եմ հայտնում, որ կլինեն արդյունավետ քննարկումներ: Նաև մեր պատրաստակամությունն ենք հայտնում՝ բոլոր հարցերին բաց, հրապարակային, կոնստրուկտիվ, օպտիմալ լուծումների գտնելուն ուղղված քննարկումների: Համոզված եմ, որ քննարկումների արդյունքում կունենանք այս պահի դրությամբ մեր երկրի և քաղաքացիների շահերը լավագույնս արտահայտող և մեր զարգացման ծրագրերի ընթացքն ապահովող բյուջե 2018 թ. համար:
Հաշվի առնելով մեր կառավարության 2017-2022 թթ. ծրագրի նպատակադրումները՝ 2018 թ. բյուջեում հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումների մեջ մենք փոփոխություններ ենք նախագծել:
Միջնաժամկետ հորիզոնում, չնայած հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակվելու է սահմանափակված մնալ պարտքի կայունության ապահովման անհրաժեշտությամբ, այնուամենայնիվ, հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվելու է ծախսային կառուցվածքի վերանայմամբ՝ առավել շեշտադրելով կապիտալ ծախսերի իրականացման անհրաժեշտությունը տնտեսական աճի կայուն հիմքերի ապահովման հարցում:
Պետական բյուջեի նախագիծը բավական ծավալուն փաստաթուղթ է, և Ազգային ժողովում, մասնավորապես, հանձնաժողովների նիստերում նախատեսվում է դրա խորը քննարկումը: Այդ կապակցությամբ այսօր չեմ ծանրաբեռնի ձեր ուշադրությունն առանձին մանրամասներով՝ նաև նկատի ունենալով, որ թե՛ դուք, և թե՛ հանրությունն առաջիկա օրերին հնարավորություն կունենաք ստանալ ֆինանսների նախարարի և գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների պարզաբանումները բյուջեի նախագծի վերաբերյալ: Դրա հետ մեկտեղ՝ կցանկանայի շեշտադրել բյուջեի նախագծի հիմքում ընկած մի քանի դրույթներ.
Վերջին մի քանի տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով, որի արդյունքում գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ՝ աստիճանաբար նվազեցնելով տնտեսական աճի ներուժը: Ընթացիկ զարգացումները չնայած հուսադրող են, սակայն տնտեսական աճի հիմքերը դեռևս բավարար ամուր չեն՝ երկարաժամկետ բարձր տնտեսական աճին հավակնելու համար: 2017 թ. հաստատվեց բյուջետային մի շրջանակ, որը բնորոշում է տնտեսական իրավիճակի կայունացումը: Ինչ վերաբերում է 2018 թ. բյուջետային շրջանակին, ապա վերջինով ծրագրել ենք այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տնտեսական զարգացումների մեկնարկը: Այլ կերպ ասած, առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի՝ ապագայում ապահովելու միջինում 5 տոկոսանոց տնտեսական աճ, ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել մեր առջև ծառացած խնդիրները թե´ կայուն երկարաժամկետ զարգացման առումով, և թե´ սոցիալական բնույթի: Նշված ցուցանիշին հասնելը բոլորիցս մեծ ջանքեր և ծավալուն աշխատանք կպահանջի:
Պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը հիմնված է լինելու հստակ կանոնների վրա, որի առանցքում դրվել են ինչպես տնտեսական աճը, երկրի անվտանգությունը, այնպես էլ սոցիալական նպատակայնությունը: Նշված քաղաքականությունը կապահովի երկրի գրավչության աստիճանի բարձրացումը՝ ձևավորելով կայուն երկարաժամկետ, անվտանգ զարգացման ամուր հիմք:
Մեր եկամտային քաղաքականությունը լինելու է հավասարակշռված՝ թե՛ ստվերային տնտեսության կրճատման, և թե՛ գործարար միջավայի բարելավման տեսանկյունից: Այստեղ կարևորվել է արդյունավետ եկամտային համակարգի հիմքերի ձևավորումը, որը կապահովի հարկային եկամուտների կայուն առաջընթացը ՀՆԱ աճից, ինչպես նպատակադրված է Կառավարության ծրագրում:
Այս քննարկումները լավ հնարավորություն են միասին մանրամասն ուսումնասիրելու մեր ամենակարևոր փաստաթղթերից մեկը, և ես վստահ եմ և հուսով եմ, որ մենք բոլորս կօգտագործենք այս հնարավորությունը, աշխատենք մաքսիմալ արդյունավետ, պրագմատիկ և ռացիոնալ, որպեսզի ստանանք մեր երկրի և քաղաքացու համար այս պահին հնարավոր լավագույն արդյունքը:
Եվս մեկ անգամ բոլորիս ցանկանում եմ արդյունավետ աշխատանք և լավ տրամադրություն»: