Ազգային ժողովի պատգամավոր, գիտության և կրթության մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումից հետո Հայաստանում կրթության ոլորտի զարգացման նոր հնարավորություններ է տեսնում:

 

Փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորը նախ կարևորեց այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում փոխճանաչման ենթակա կլինեն կրթական փաստաթղթերը: «Այսինքն, այդ փոխչանաչումը կլինի ոչ թե հատուկ ընթացակարգերով, ինչպես նախկինում էր, այլ մեխանիկորեն: Յուրաքանչյուր երկիր կճանաչի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կողմից տրված կրթական փաստաթղթերը, դիպլոմները: Ավտոմատ փոխճանաչումից զերծ կմնան միայն գիտական կոչումները: Կարծում եմ, որ տնտեսության զարգացման ֆոնին կլինեն նաև մասնագիտական որակավորումներ, կլինեն նաև գիտական ծրագրեր, որոնք այդ շրջանակում կունենան զարգացումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մուրադյանը:

 

Պատգամավորը նշեց, որ ԵՏՄ տարածքում ավտոմատ կերպով չեն ճանաչվի միայն մի քանի մասնագիտությունների՝ մանկարվաժության, իրավագիտության և բշժկության դիպլոմները: Նա նշեց, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագիրն առաջին հերթին տնտեսական պայմանագիր է, սակայն եթե այն մեր երկիրը տանելու է տնտեսության զարգացման ճանապարհով, ապա անպայման հետադարձ կապով դա նաև մասնագիտությունների ընտրության, գիտական ծրագրերի առումով կապահովի նաև կրթության ոլորտի զարգացումը: «Օրինակ, մենք գիտենք, որ կան գիտական ծրագրեր, կլինեն գիտական դրամաշնորհներ, որոն ց իրականացման համար ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումից հետո ավելի լայն հնարավորություններ կտրվեն»,- նշեց պատգամավորը:

 

Անդրադառնալով խոսակցություններին, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հետո Հայաստանում ռուսերենը կսկսի գերակայություն ունենալ հայերենի նկատմամբ, պատգամավորն ընդգծեց, որ նման բան լինել չի կարող: «Հայաստանի կրթական համակարգը իր ազգային կրթության բովանդակությունն է ապահովում, իսկ այդտեղ, ինչպես բոլոր մնացած լեզուները, այնպես էլ ռուսերենը, համարվում է օտար լեզու»,- նշեց պատգամավորը:

 

Պատգամավորը խորհուրդ տվեց առկա մտավախությունների մեջ տեսնել նաև իրատեսականը: «Ես կրկնում եմ՝ Հայաստանի կրթությունը կազմակերպվում է իր ազգային բովանդակային ծրագրերով: Եվ մեր ազգային բովանդակային ծրագրերը չեն կարող զիջել որևէ երկրի ծրագրերին, որովհետև մենք ունենք հստակ նպատակ: Ինչ խոսք, այսօր մենք մեր ծրագրերում օտար լեզուներին բավական շատ ժամանակ ենք հատկացրել: Այսինքն, օտար լեզվի իմացությունը անհրաժեշտ է, տեղեկատվական տեխնոլոգիաների իմացությունը անհրաժեշտ է: Մենք դրանցից հետ չենք մնում, դա էլ ենք ցանկանում զարգացնել՝ սակայն մեր ազգային կրթական հենքը պահելով»,- եզրափակեց պատգամավորը: