Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը միասնականության այն փաստաթուղթն է, որը պիտի կարողանա աշխարհի հայացքն ուղղել մարդկության դեմ կատարված սարսափելի ոճրագործությանը:

 

Փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: «Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, և մենք պետք է կարողանանք այս հռչակագրի յուրաքանչյուր կետ հասանելի դարձնել միջազգային հանրությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

 

Պատգամավորն այն կարծիքին է, որ հռչակագիրն ընդունվել է ճիշտ ժամանակին, որովհետև ավելի շուտ ընդունելու դեպքում գաղափարը կհեռացվեր բուն հոբելյանական ժամանակահատվածից: «Ես կարծում եմ, որ հռչակագիրն ընտրվել է ճիշտ պահի, և մենք կկարողանանք նրանում ամրագրված կետերը հասանելի դարձնել աշխարհին»,- ընդգծեց պատգամավորը:

 

Մուրադյանն անդրադարձավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին, որում վերջինս քննադատության էր ենթարկել հռչակագրի մի շարք կետեր՝ ընդգծելով, որ չի կարծում, թե իրականում համայն հայության ճակատագրով մտահոգված որևէ հայ մարդ կարող է քննադատել հռչակագիրը և ասել, թե այն չի արտահայտում համայն հայության կամքը: «Հռչակագրում ոչ թե անհատական, ոչ թե հատվածական կամ քաղաքական ինչ-որ շահի խնդիր է դրված, այլ իրականում դրված է հենց համայն հայության խնդիրը: Եվ ես կարծում եմ, որ հայության կամքը հստակ ամրագրված է հռչակագրում առկա յուրաքանչյուր կետում»,- շեշտեց պատգամավորը:

 

Նրա խոսքով՝ այս պահին հայ ժողովուրդը պետք է միասնական լինի և մեկ գաղափարի շուրջ համախմբվի, քանի որ հնարավոր չի լինի հայության կամքը հասանելի դարձնել միջազգային հանրությանը, եթե ներսում չլինի միասնականությունը:

 

Հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակման արարողությունը: Հռչակագիրը միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում:

 

Փաստաթուղթն ընթերցել է Նախագահ Սերժ Սարգսյանը և, ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման, հռչակագրի մայր օրինակը ի պահ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հանրապետու թյան նախագահը նշել է, որ հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ: