Ծնվելու պահին հոնկոնգցի աղջնակը հղի է եղել երկու եղբայրներով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս խիստ հազվադեպ համախտանիշի զարգացման և պատճառների մասին հաղորդել է Live Science-ը:
Սաղմի մեջ սաղմի առկայության դեպքերը տեղի են ունենում միջին հաշվով կես միլիոն հղիություններից մեկի ժամանակ: Այս երևույթի պատճառների մասին բժիշկները և գիտնականները վիճում են: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նորածնի մեջ պտուղը համարում է տերատոմա (ուռուցքի տեսակ), բայց հոնկոնգցի բժիշկները պնդում են, որ իրենց խնամյալի օրգանիզմում եղել է երկվորյակների երկու սաղմ՝ սկզբնապես առողջ, բայց որոնք հղիության ընթացքում կլանվել են իրենց քրոջ մարմնի կողմից:
Նորածին աղջնակին հանձնել են գինեկոլոգների հատուկ հսկողությանը. բժիշկները նրա մոտ ուռուցք էին կասկածում: Ուլտրաձայնային հետազոտությունը դեռ մինչև ծննդաբերությունը բացահայտել էր տարօրինակ հաստացում որովայնախոռոչում:
Ի վերջո երեքշաբաթական աղջնակին վիրահատել են. լյարդի և երիկամի միջև վիրաբույժները հայտնաբերել են երկու պտուղ: Նրանցից մեկը կշռել է 9,3 գրամ, մյուսը՝ 14,2 գրամ, ինչը համապատասխանում է հղիության մոտավորապես ութերորդ և իններորդ շաբաթին: Երկու փոքրիկների մոտ գտել են պորտալար՝ միացած աղջկա փորի մեջ ընկերքանման զանգվածի:
Արդի բժշկության ամբողջ պատմության ընթացքում նշվել է պտղի մեջ պտղի ընդամենը 200 դեպք: