Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր' փետրվարի 13-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը շնորհավորել է դեսպան Միլսին՝ մեր երկրում դիվանագիտակ ան առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ' հույս հայտնելով, որ այդ առաքելությունը կնշանավորվի հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության նորանոր ձեռքբերումներով:

 

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է իր արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ զբաղեցնող ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և պատրաստակամ է շարունակելու ջանքերը երկկողմ կապերի ամրապնդման, տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ցուցաբերվող ԱՄՆ աջակցությունը՝ միտված մեր պետականության առավել ամրապնդմ անն ու զարգացմանը: Նախագահը միաժամանակ բարձր է գնահատել Միացյալ Նահանգների դերակատարությունը տարածաշրջանի անվտանգության ու կայունության պահպանման գործում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

 

Դեսպան Ռիչարդ Միլսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության ու շնորհավորանքի համար և ընդգծել, որ Միացյալ Նահանգները հստակ նպատակ ունի շարունակել Հայաստանի հետ տնտեսական, քաղաքական և անվտանգության բնագավառներում համագործակցությունը: Դեսպանի հավաստմամբ, ԱՄՆ-ը շահագրգիռ է աշխատելու հայ-ամերիկյան առևտրատնտեսական կապերի աշխուժացման, բարեփոխումների խթանման ուղղությամբ: Այդ համատեքստում զրուցակիցները երկուստեք կարևորել են տնտեսական հարցերով հայ-ամերիկյան հանձնաժողովի գործունեությունը: Նրանք քննարկել են նաև Հայաստանի և ԱՄՆ- ի միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:

 

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում և արտերկրում տեղի ունենալիք ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներին: