ՀՀ կենտրոնական բանկը որդեգրել է բանկերի խոշորացման քաղաքականությունը: Մասնավորապես, ավելացվել է բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը: Առաջիկա 2 տարիների ընթացքում այն պետք է 5 մլրդ դրամից հասնի 30 միլիարդի: Ի՞նչ դրական և բացասական հետևանքներ կարող է ունենալ վարվող այս նոր քաղաքականությունը:



 Lurer.com-ի լրագրողի  հարցերին պատասխանում է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:



-Թեև առաջին հայացքից նորմատիվի խստացումը ընկալվում է որպես ոլորտի խոշորացում կամ մրցակցության նվազում, սակայն շատ կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ, ի տարբերության տնտեսության մյուս ոլորտների, բանկային ոլորտը գործ ունի հազարավոր քաղաքացիների ավանդների հետ, այսինքն՝ եթե այլ ոլորտներում ներդրողները կրում են սեփական ռիսկ, ապա բանկային ոլորտում հնարավոր խնդիրների դեպքում տուժել են նաև հազարավոր քաղաքացիներ: Այս որոշումը առաջին հերթին բխում է ոլորտի կայունության բարձրացման շահերից, և նորմատիվի բարձրացումը միայն կնվազեցնի հնարավոր ռիսկերը:

 

 

-Բանկերի խոշորացումը ինչպե՞ս կազդի տնտեսության վրա ԵՏՄ անդամակցության պայմաններում:



-ԵՏՄ անդամակցությունն իր մեջ ներառում է նաև կապիտալի տեղաշարժի ազատականացում, ինչը ենթադրում է, որ հնարավոր է՝ ԵՏՄ անդամ երկրներից ներդրումներ կատարվեն նաև ֆինանսական ոլորտում՝ հաշվի առնելով այն փաստը, որ մեր ֆինանսական համակարգը, որպես ինստիտուցիոնալ համակարգ, գերազանցում է ԵՏՄ անդամ երկրների ֆինանսական համակարգին:

 

 

-Արդյո՞ք բանկերի խոշորացմամբ չի թուլանա մրցակցությունը:



Նախ, սխալ է ընկալել նորմատիվի բարձրացումը որպես բանկերի խոշորացում: Ի տարբերություն, օրինակ, հարկային համակարգի՝ ԿԲ խստացնող նորմերը ուժի մեջ են մտնում ոչ միանգամից, և այս դեպքում, առավել ևս, ԿԲ-ն բանկերին 2 տարի հնարավորություն է տալիս ավելացնել կապիտալը: ՀՀ բանկերի մեծ մասը ունեն մի քանի բաժնետերեր, այդ թվում՝ միջազագային ֆինանսական կառույցներ, և կարծում եմ, որ նրանց մեծ մասը կհամալրեն կապիտալի անհրաժեշտ չափը: Իսկ մի քանի փոքր բանկերի միաձուլումը չի կարող ազդեցություն ունենալ մրցակցության վրա: Ինչպես հիմա, այնպես էլ փոփոխությունից հետո Հայաստանում չի լինի բանկ, որը կտիրապետի շուկայի 10-15 տոկոսից ավելիին:

 

 

-ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10.5 տոկոս: Ինչպե՞ս կգնահատեք ԿԲ-ի որոշումը: Արդյո՞ք սա բացասական երևույթ չէ տնտեսության համար:



Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը հիմնականում պայմանավորված է միջազգային շուկաներում տեղի ունեցող իրադարձություններով, մասնավորապես՝ տոկոսադրույքների բարձրացմամբ, տնտեսական աճի տեմպերի նվազմամբ: Միևնույն ժամանակ ԿԲ-ն զգալիորեն նվազեցրել է նաև կարճաժամկետ տոկոսադրույքները, ինչը ենթադրում է, որ ֆինանսական շուկան վերադառնում է կայունացման փուլ: Վերջինը ավելի կարևոր է տնտեսության համար, քան զուտ տոկոսադրույքների չափը:

Ն. Ա.