Ռուսական ռուբլու արժեզրկումն ԱՄՆ դոլարի նկատմամբ պայմանավորված է միջազգային գործոններով՝ այդ թվում քաղաքական: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով ռուսական ռուբլու արժեզրկման պատճառներին ու դրա հնարավոր հետևանքներին Հայաստանի վրա: «Ռուբլու անկումը հիմնականում պայմանավորված է միջազգային գործոններով' նավթի գներ, հումքի շուկաներ:
Ռուբլու անկման վրա որոշակի ազդեցություն ունի արտաքին քաղաքական միջավայրը: Սրանք հիմնական գործոններն են, որոնք պայմանավորում են ռուբլու համեմատաբար արժեզրկումը: Իհարկե, դա միայն կախված չէ Ռուսաստանի Դաշնությունից կամ այդ երկրի ֆինանսական վիճակից»,- նշեց Մանասերյանը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգներն ու Եվրամիության երկրները որոշակիորեն բարելավել են իրենց դիրքերը, ինչն իր ազդեցությունը չի կարող չթողնել գործընկեր պետությունների առևտրային ոլորտում:
Ռուբլի/դրամ փոխարժեքի նվազումը կամ աճը չի կարող միանշանակ դրական կամ բացասական ազդեցություն թողնել: Ամեն ինչ կախված է նրանից, թե առևտրային, որ ուղղությունն է դիտարկվում (արտահանում կամ ներմուծում): Մանասերյանը հիշեցրեց, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերներից է: «Որքան էլ այդ տատանումները առաջին հայացքից թվան, որ մտահոգիչ են, մենք պետք է տեսնենք, թե որ տեսանկյունից ենք դիտարկում՝ արտահանման, թե ներմուծման: Ինչպես հայտնի է, եթե հայկական դրամը հարաբերականորեն զիջում է իր դիրքերը, դա համեմատաբար ավելի նպաստավոր է դարձնում արտահանման վիճակը՝ մրցունակության և գների իմաստով, իսկ եթե արժեւորվի՝ ներմուծումն է ավելի ձեռնտու վիճակում լինում»,- ասաց Մանասերյանը՝ հավելելով, որ տնտեսական քաղաքականության մեջ ոլորտներ խթանելու գործոնով պայմանավորված արժույթի փոխարժեքը կարող է ազդել կամ արտահանման ուղղվածության ճյուղերի կամ ներմուծման վրա:
Ռուսական ռուբլու փոխարժեքը վերջին շրջանում անկում է ապրում ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ: 2013 թվականի սկզբին դոլար/ռուբլի փոխհարաբերությունը կազմում էր 30, իսկ տարվա վերջին՝ շուրջ 33: Այս տարվա սկզբից ռուբլու անկումը դոլարի նկատմամբ շարունակվեց: Մարտի 3-ի դրությամբ' Մոսկվայի սակարանի բացվելուց հետո դոլարը եւ եվրոն վեր են սլացել՝ նորացնելով պատմական առավելագույնները, ռուբլին երկարժութային զամբյուղի նկատմամբ իջել Է Ուկրաինայի իրադարձությունների ֆոնի վրա: Դոլարով առաջին գործարքները կատարվել են մեկ դոլարի դիմաց 36,3 – 37 ռուբլու սահմաններում, միջին հաշվով երկու րոպեում փոխարժեքը կազմել Է մեկ դոլարի դիմաց 36,46 ռուբլի, ինչը 58 կոպեկով բարձր Է նախորդ փակման մակարդակից: