Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն անդրադարձել է ՀՀ կառավարության և ՍԴ շուրջ ստեղծված լարվածությանը: Իր հայտարարության մեջ նա մասնավորապես գրել է. «Վերջին հանրային հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն նպաստելու իրավիճակը հանգուցալուծելուն: Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են, որ պետական ինստիտուտները դրսևորեն ինստիտուցիոնալ զսպվածություն, բարի կամք, փոխադարձ հարգանք: Ես կրկին կողմերին կոչ եմ անում զսպվածություն հանդես բերել և հանգուցալուծել այս անհանգստացնող իրավիճակը, որպեսզի հնարավոր լինի Հայաստանի Սահմանադրության նորմալ կիրառումը»:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց իրավաբան Սիրանուշ Սահակյանի հետ՝ պարզելու, թե այս հայտարարությունը որքանով կազդի մեր երկրի հեղինակության վրա և ինչպիսին կլինեն հետագա գործընթացները:

 

«Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը Հայաստանի միջազգային հեղինակության վրա մեծ անդրադարձ է ունենալու, որովհետև ցանկացած պետություն այդ կառույցում ունի հեղինակություն, որը ձևավորվում է համագործակցության մակարդակով: Եթե պետությունը, կառույցի շրջանակում, ավելի հակված է ընդուված հանձնարարականները, ստանդարտները  ներդնել և բարեխղճորեն կատարել, ապա ձեռք է բերում ավելի ժողովրդավար իրավական պետության համբավ և նաև այդ կառույցի շրջանակներում ստանում են այդ մարմինների աջակցությունը տարաբնույթ հարցերի ժամանակ»,- ընգդծեց նա:

 
 

Սահակյանի խոսքով՝ եթե պետությունը չի լսում այդ կառույցների հանձնարարականները, ապա դա փոխելու է երկրի քաղաքական կշիռը կառույցում, հանգեցնելու է ինչ-որ չափով մեկուսացման, անգամ՝ սանկցիաների: 

 

«Եվրոպայի խորհուրդը միակ միջազգային կազմակերպությունն է, որին անդամակցելով՝ հանձնառություն ենք ստանում  ստանձնել իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքները և ժողովրդավարությունը: Եվ եթե այդ արժեքներից շեղումներ են արձանագրվում, ապա գործի են դրվում սանկցիաների համակարգը: Սանկցիաները տարբեր են լինում՝ սկսած Հայաստանի պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկել, կարող են լինել տնտեսական բնույթի և ավելի կոշտ՝ ընդհուպ մինչև անդամակցության կասեցում, ապա դադարեցում»,-ասաց իրավաբանը:

 

Նա նշեց, որ եվրոպական այդ կառույցները  շատ փոխհամագործակցված են աշխատում այլ միջազգային կառույցների հետ, այդ թվում՝ Եվրոպական միության, Համաշխարհային բանկի:

 

«Լինում են դեպքեր, երբ Համաշխարհային բանկը հրաժարվում է պետությանը ֆինանսավորել, քանի որ պետությունը հրաժարվում է կատարել Եվրոպայի խորհրդի շրջանակում ստանձնած հանձնառությունները կամ չի հարգում հեղինակավոր միջազգային կառույցների կարծիքները»,-շեշտեց նա:

 

Իրավաբանի կարծիքով՝ սա կթուլացնի Հայաստանի դիրքերը ոչ միայն Եվրոպայի խորհրդի շրջանակներում, այլ նաև՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններում. «Կան Հայաստան-ԵՄ ֆինանսական աջակցության տարաբնույթ ծրագրեր, որով ԵՄ-ը աջակցություն է ցուցաբերում Հայաստանին՝ բարեփոխումների համար և դնում են նախապայմաններ: Չեմ բացառում, որ այդ նախապայմանները դառնալու են նաև ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակում Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականների ենթարկվելը»:

 

Սահակյանի դիտարկմամբ՝ հայտարարությունը կոշտ էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ կառույցները սիրում են փափուկ դիվանագիտական լեզվով խոսել:

 

Լուսինե Մարդոյան