Տրանսպորտային միջոցների կանգառների տարածքներում կայանելու, քաղաքացիներին ու տրանսպորտային միջոցների վարորդներին կանգառի տարածք մուտք գործելուն խոչընդոտելու համար՝ փետրվարի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից 43 տաքսի ավտոմեքենա տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վարորդների նկատմամբ համապատասխան վարչական իրավախախտման արձանագրություններ կազմումից հետո մեքենաները վերադարձվել են տերերին, իսկ 89 տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ, նման իրավախախտում թույլ տալու համար, տեղում կիրառվել են վարչական ներգործության միջոցներ:

 

 

Բացի այդ, տրանսպորտային միջոցների կանգառների տարածքների մոտ կուտակված տաքսիների վարորդների հետ կազմակերպվել են հանդիպումներ, որոնց ընթացքում նրանք իրազեկվել են հետագայում նմանատիպ իրավախախտումներ թույլ չտալու անհրաժեշտության մասին: Ճանապարհապարեկային ոստիկանության ծառայողներն ավտոմեքենաներով շրջագայություն կատարելիս՝ բարձրախոս սարքերի միջոցով քաղաքացիներին մշտապես հորդորում են տրանսպորտային միջոցներից օգտվել միայն կանգառների տարածքներում:

 


Տրանսպորտային միջոցների կանգառների տարածքներում կարգուկանոն հաստատելուն նպա տակաուղղված միջոցառումները շարունակվում են: