Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը փետրվարի 14-ին Գյումրիում հանդիպել է Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների հետ: Փաստաբանը Գյումրի այցի ընթացքում հանդիպել է նաև տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Խոսելով սպանության տարբեր վարկածների մասին' փաստաբանը նշեց, որ քննության են ենթարկվում բոլոր վարկածները, այդ թվում նաև' անհնար թվացող:
«Չենք բացառում նաև ամենաքիչ հավանական վարկածը: Մենք դա պարտավոր ենք անել, որպեսզի կարողանանք անմիջական պատկեր ունենալ: Մեր բոլոր միջնորդություններն էլ հենց ուղղված են բազմակողմանությունն ապահովվելուն և դրդապատճառները պարզելուն՝ կա՞ անձնական ու այլ դրդապատճառ կամ չկա, արդյո՞ք սա պատահական ընտանքի ուղղված էր, թե՞ իրականում ավելի խոր արմատներ ունի, արդյո՞ք կասկածյալը միայնակ էր, թե չէ, ինչո՞ւ հագուստները թողեց, և եթե այդ սպանությունները վախի հետ էին կապված, ինչո՞ւ է մինչև վերջ փորձել երեխային վնասվածքներ հասցնել և դաժանությունը մինչև վերջ տարել է, այսինքն' բազմաթիվ հարցեր, որոնք խիստ էական են»,-նշեց Երեմ Սարգսյանը' տեղեկացնելով, որ հարազատների հետ հանդիպումից հետո ինքը լինելու է նաև Ավետիսյանների տանը, հնարավորության սահմանում ուսումնասիրելու դեպքի վայրը, Պերմյակովի երթուղին՝ մինչև զորամաս, ապա Բայանդուր:
«Պետք է կոնկրետ իմ աչքով տեսնեմ, նաև տեսանկարահանեմ: Իմ մոտ կոնկրետ հարցեր են առաջանում. եթե նույնիսկ չբացառենք ջուր խմելու վարկածը՝ ինչո՞ւ հենց այդ տուն: Դեպքի վայրը, հարակից տներն ուսումնասիրելով' գուցե կասկածներ առաջանան, որ ավելի քիչ խոչընդոտներով տուն կար, որտեղ կարող էր մտնել: Բազմաթիվ են հարցերը. օրինակ' այդ տնից մինչև Բայանդուր գյուղ ինչքանո՞վ է մատչելի անծանոթ մարդու համար:
Կան բազմաթիվ մանր հարցեր գուցե այս պահին հնարավոր չէ անմիջապես բոլոր հարցերին պատասխաններ տալ, բայց բոլոր փաստերի համակցությունը բերում են նոր վարկածների ու փաստերի: Մենք մեր կողմից օրենքով տված բոլոր քայլերը կանենք»,-նշեց փաստաբանը՝ ավելացնելով, որ իրավահաջորդների հետ իրենք քննարկել են այս պահին ռուսական կողմին դիմել-չդիմելու նպատակահարմարության հարցը:
«Այս պահին, այս փուլում, բոլորս միասնական գտանք, որ դեռևս դա նպատակահարմար չենք գտնում, համենայն դեպս, չենք էլ ուզում դիմել, որովհետև գտնում ենք ըստ էության անօրինակն է այս գործի ռուսական կողմի քննությունը: Այդ գործի քննությունը պետք է իրականացնի միայն հայկական կողմը, հետևաբար, հենց այդ նկատառումներից ելնելով, չենք դիմում իրենց, այլ պահանջում ենք, որ գործը փոխանցվի հայկական կողմին: Նաև միանշանակ ես հայտարարում եմ՝ որ կողմն էլ դատավարությունն իրականացնի, պետք է լինի հայերեն: Մենք դատավարությանը կմասնակցենք մեր մայրենի լեզվով , որովհետև այս ամենը պետք է հասանելի լինի մեր հասարակությանը, տուժողի իրավահաջորդներին: Դա մեր պահանջը կլինի»,-նշեց փաստաբանը:
Խոսելով վարկածներից մեկի՝ Պերմյակովի միայնակ չլինելու մասին, փաստաբանը նշեց, որ այս պահին դա հստակ նշել հնարավոր չէ: «Այս պահին նշել, որ ինքը միայնակ չի եղել, չենք կարող, միևնույն ժամանակ անհնար է նաև բացառել կամ հաստատել հակառակը: Կան վարկածներ, որոնք պետք է ստուգվեն:
Հարազատները այս պահին բացառում են, որ կա անձնական շարժառիթ, իրենք բացառում են՝ իրավունք ունեն, ես՝ որպես նրանց ներկայացուցիչ, բացարձակապես իրավունք չունեմ նաև այդ վարկածը բացառելու: Նշեմ, որ միջնորդությունները, որոնք ներկայացվել են նախաքննական մարմնին, բավա րարվել են, ընդ որում' կային գործողություններ, որոնք արդեն իսկ իրենց կողմից ձեռնարկվել էին՝ երթուղու տեսախցիկների առգրավում, հեռախոսների խոսակցությունների վերծանում, խլացուցիչի հետ կապված և այլ բնույթի հարցեր»,- նշեց Երեմ Սարգսյանը:
Ի պատասխան այն հարցի, որ կասկածյալը ռոսական կողմի հսկողության տակ է, ինչպես կարող է հայկական կողմը լիրաժեք քննություն վարել՝ փաստաբանը նշեց. «Որպես մասնագետ կարող եմ ասել, որ ամեն դեպքում որոշակի խոչընդոտներ կլինեն, որովհետև չի կարող այնպես լինել, որ Պերմյակովը լինի ռուսական կողմի հսկողության տակ ու կատարվի լիարժեք քննություն: Ամեն դեպքում, ես տեղյակ եմ, որ հայկական կողմը հարցաքննություն կատարել է, որը նրա հետ կատարվելիք ամենակարևոր գործողությունն է: Բայց կան քայլեր, որոնք նոր պետք է արվեն:
Արվում է, թե չի արվում, ես չեմ կա րող ասել: Մեզ այդ նյութերն այս փուլում հասու չեն: Կա որոշակի փուլ դա նախաքննության ավարտման փուլն է, երբ ամբողջ ծավալով իրավունք ունենք բոլոր նյութերը պատճենահանած ստանալու: Ամեն դեպքում այս պահին մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել, մենք կփորձենք մեր աչքով տեսնել դեպքի վայրը, մարդկանց հետ խոսել և այլն»: Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանն ավելացրեց, որ փաթեթ է նախապատրաստվում նաև Պերմյակովի սակավամտության փաստի ճշտման միջնորդության համար:
«Կան որոշակի ծավալի տեղեկություններ, որ մենք կարող ենք ստանալ Ռուսաստանի Դաշնությունից, իսկ առավել արդյունավետ միջոցը քննչական մարմնի միջոցով միջնորդելն է»,-ավելացրեց փաստաբանը:
Անդրադառնալով Ավետիսյանների իրավահաջորդների հետ կայացած հանդիպմանը' նա ասաց հետևյալը. «Քննարկեցինք մեր հետագա քայլերը, բոլոր հնարավոր փոխադարձ տեղեկատվությունը փոխանակեցինք, այն, ինչ ես գիտեի, ինչ իրենք գիտեին, և որոշեցինք մեր քայլերի հաջորդականությունը»,-հավելեց Սարգսյանը:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև' յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելով ‚ փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: