Ադրբեջանի գլխավոր դատախազությունն այժմ էլ տնտեսական հանցագործության մեղադրանք է ներկայացրել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովային: Վերջինս անցյալ դեկտեմբերի 5-ին կալանավորվել էր «անձին ինքնասպանության հասցնելու» կեղծ մեղադրանքով: Նրան այժմ սպառնnւմ է 12 տարվա ազատազրկում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալութունը:
Իսմայիլովայի փաստաբան Ֆարիզ Նամազլըն հայտնել է, որ մոտ 2,5 ամիս մտածելուց հետո Ադրբեջանի գլխավոր դատախազությունը փետրվարի 13-ին Իսմայիլովայի դեմ Քրեական օրենսգրքի «խոշոր չափերի յուրացում», «Խոշոր եկամուտ կորզելու անօրինական ձեռնարկատիրական գործունեություն», «ծանր հետեւանքներ ունեցած պաշտոնաեական լիազորությունների չարաշահում» հոդվածներով նոր քրեական գործ է հարուցել: Նրա խոսքով' մեղադրանքներն առաջադրվել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության գործունեության հարկային ստուգման մասին ինչ-որ ակտի հիման վրա:
Փաստաբանի խոսքով' Իսմայիլովան իրեն մեղավոր չի ճանաչում մեղադրականի ոչ մի հոդվածով եւ հրաժարվել է ցուցմունքներ տալ:
Նամազլըն հայտարարել է, որ իր պաշտպանյալին նման մեղադրանքների առաջադրումը միանգամայն անհեթեթ է, քանի որ նա երբեք չի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: «Առաջին մեղադրանքն այն հիմնավորմամբ, թե իբր Իսմայիլովան ինքնասպանության է հասցրել իր գործընկերոջը, ցրիվ է եկել, եւ այդ պատճառով նրանք ավելի աբսուրդ մեղադրանքներ են հնարել: Այս ստանդարտ մեղադրանքները վերջերս ներկայացվել էին հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, իրավապաշտպաններ Ինթիգամ Ալիեւին, Ռասուլ Ջաֆարովին, Անար Մամեդլիին: Իսկ Խադիջան երբեք ՀԿ չի ունեցել», -նշ ել է փաստաբանը:
Խադիջա Իսմայիլովան 2 ամիս ժամկետով ձերբակալվել է դեկտեմբերի 5-ին: Նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել «Ազադլըգ» ռադիոկայանի եւ «Մեյդան ԹՎ» հեռուստաալիքի նախկին աշխատակից Թուրալ Մուստաֆաեւի «ինքնասպանության փորձի դրդելու» հետ կապված հարուցված գործով: Ժամանակ հետո Մուստաֆաեւը հետ է վերցրել իր հայցը' նշելով, որ Խ.Իսմայիլովան ոչ մի կապ չունի իր ինքնանսպանության փորձի հետ:
«Ազատություն» ռադիոկայանը հաղորդել է, որ «Լրագորղների պաշտպանության կոմիտեի» Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրերի կոորդինատոր Նինա Օգնյանովան հայտարարել է, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կեղծ մեղադրանքների օգնությամբ ադրբեջանական իշխանությունները փորձում են լռեցնել լրագորղներին, որոնք զբաղվում են Ադրբեւանի վերնախավի կոռուպցիայի եւ մարդու իրավունքների խախտումների հետաքննությամբ: «Լրագորղների պաշտպանության կոմիտեն» Ադրնեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ հանել բոլոր մեղադրանքները եւ ազատ արձակել Խ .Իսմայիլովային:
Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի իշխանությունների թիրախ է դարձել իր լրագրողական գործունեության համար: Իսմայիլովան հանդիսանում է Ադրբեջանում իշխանության վերին էշելոններում կոռուպցիոն փաստերի լրագրողական հետաքննությունների հեղինակ, որոնց արդյունքում բացահայտվել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի օֆշորյան գոտիներում ունեցած հարյուրավոր միլիոն դոլարիների հասնող ունեցվածքը:
Իսմայիլովի ձերբակալությունը դատապարտել են Եվրամիությունը, Եվրոպայի Խորհուրդը, Եվրոպական խորհրդարանը, Եվրահանձննաժողովը, ԵԱՀԿ-ը, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, «Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպությունը, «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամը, Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանների կորպորացիաների գլխավոր տնօրեն Նենադ Պեջիկը, ԱՄՆ-ի հրատարակչական խորհուրդը, ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դենիել Բայերը, Ադրբեջանի «Մուսավաթ», «Ումիդ», «Ժողովրդական ճակատ» կուսակցությունները եւ բազմաթիվ այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ: