Ադրբեջանի կողմից առևանգված Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանում հարցաքննվել է՝ նրա նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով։
Ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարություններով օգնական Իլգար Սաֆարովը հայտնել է, որ Վագիֆ Խաչատրյանին ձերբակալելուց հետո հետազոտել և առաջին հերթին տեղափոխել են բուժհաստատություն։
Բուժօգնությունից հետո նրան տրամադրել են փաստաբան և թարգմանիչ։
Սաֆարովը նշել է, որ Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, ինչից հետո նա հարցաքննվել է։
Իլգար Սաֆարովը նաև հայտնել է, որ այս պահին Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ իրականացվում են քննչական այլ գործողություններ։
Ադրբեջանը հուլիսի 29-ին առևանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետում ադրբեջանցի սահմանապահները ստուգել են Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիների անձնագրերը, հետո վերադարձրել են անձնագրերը, սակայն Վագիֆ Խաչատրյանի անձնագիրը չեն վերադարձրել։ Նրան ԿԽՄԿ-ի ներկայացուցչի ուղեկցությամբ տարել են հարցաքննելու, իսկ որոշ ժամանակ անց ԿԽՄԿ-ի ներկայացուցչին վերադարձրել են, իսկ Վագիֆ Խաչատրյանին՝ տեղափոխել Բաքու։ Բաքվում նրան շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։