Իրաքի անվտանգության ուժերը հայտարարել են, որ ձերբակալվել են «Իսլամական պետության» ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի երկու բարեկամը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցերը, դեպքը տեղի է ունեցել Սալահ ադ Դին մարզում՝ Սամրա քաղաքի մերձակայքում: Անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ, ձերբակալությունը տեղի է ունեցել ոստիկանության աշխատակիցների հատուկ գործողություններ իրականացնելու ժամանակ: Ձերբակալվածներից մեկը Աբու Բաքր ալ Բաղդադիի հորեղբայրն է՝ Սալիհ Իբրահիմ Աբդ ալ Մումինը և մյուսը եղբոր աղջկա ամուսինը՝ Դայա Նուրի Սաադունը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ նրանք Սամրայում ԻՊ-ի ակնառու ղեկավարներից են:
«Իսլամական պետությունն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպություն է, որը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: Մինչև 2013թ. խմբավորումը կոչվում էր «Իրաքի իսլամական պետություն»: Այն ձևավորվել է 2006թ. սուննի ծայրահեղական 11 խմբավորումների միաձուլման արդյունքում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի 2 ճյուղերի միավորմամբ ձևավորվել էր խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն է կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքում:
2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆը նշանակվել է Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև որոշում է ընդունվել խմբավորման անվանումը փոխելու վերաբերյալ, և այն անվանվում է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ: