Ազգային ժողովը քննարկում է «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը' որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու և դատապարտելու մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը: Նախագծի հեղինակն է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

 

Ներկայացնելով նախագիծը՝ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ առաջարկվում է ընդունել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը' որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն: «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և նրանից հետո Օսմանյան կայսրությունում հույների զանգվածային տեղահանությունները, կոտորոծները, նրանց տաժանակիր աշխատեցնելը եւ սեփական ությունից զրկելը բաղադրիչ մասերն են Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության՝ ուղղված հայ, հույն, ասորի, եզդի և այլ բնիկ ժողովուրդների դեմ:

 

Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում, համաձայն օսմանական պաշտոնական տվյալների, ապրում էր առնվազն 2.7 միլիոն հույն: Աղբյուրների և արխիվային փաստաթղթերի ուսումնասիրություններն ապացուցում են, որ 1912-1923 թվականներին զոհվել են ավելի քան յոթ հարյուր հազար հույներ՝ կոտորածների, ինչպես նաև բռնագաղթի, տաժանակիր աշխատանքների, սովի հետեւանքով: Երկու տարբեր առիթներով Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Օսմանյան կայսրության պոնտոսահույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը: 1994թ. փետրվարին միաձայն որոշում է կայացրել մայիսի 19-ը հայտարարել պոնտոսահույների ցեղասպանության հիշատակի օր, իսկ 1998թ. սեպտեմբերի 14-ը որպես Փոքր Ասիայի համայն հույների ցեղասպանության հիշատակի օր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Փոստանջյանը:

 

Նա հիշեցրեց, որ Հունաստանի խորհրդարանը 1996թ. ապրիլի 25-ին ընդունել է բանաձև (2397/1996)՝ ապրիլի 24-ը ճանաչել որպես «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության օր»: Իսկ բոլորովին վերջերս՝ 2014թ. սեպտեմբերի 9-ին, ընդունել է հայերի եւ պոնտացի հույների ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող բանաձեւ: «2010թ. մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ, որում 1915թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը ներկայացվում են որպես ցեղասպանություն: Բանաձևում նշված է, որ Թուրքիայում իրկանացվել են ինչպես հայերի, այնպե ս էլ ասորիների եւ պոնտացի հույների զանգվածային ջարդեր: Ցավոք, ցեղասպանություններ տեղի են ունենում նաեւ մեր օրերում: Բոլորովին վերջերս Հյուսիսային Իրաքի Շանգալ եզդիաբնակ տարածքում «Իսլամիստական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից եզդի ժողովուրդը ենթարկվեց մասսայական կոտորածի:

 

Դատապարտելով Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի դեմ իրականացված հանցագործությունը՝ նաև պարտավորվում ենք ունենալ մեր ներդրումը ապագայում նման ոճրագործությունները կանխելու հարցում: Ներկայացվող հայտարարո ւթյան նախագիծը մշակվել է միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան, մասնավորապես ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածի հիման վրա, որին միացել է Հայաստանի Հանրապետությունը, և որը սահմանում է, որ կոնվենցիային միացող երկիրը պարտավորվում է կոնվենցիայի դրույթները գործողության մեջ դնելու համար ընդունել իր սահմանադրությանը համապատասխան օրենսդրություն: Հայտարարության նախագիծը զարգացնում է պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու հետևանքների հաղթահարման գործընթացին միտված իրավական և կազմակերպչական համակարգը».- նշեց Փոստանջյանը:

 

Նա նաև ընդգծեց, որ նմանատիպ նախագիծ ներկայացվել է նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի նախաձեռնությամբ, որում, սակայն չի դատապարտվում եզդիների ցեղասպանությունը: Նա շեշտեց, որ իր ներկայացրած նախագծում առաջարկվում է դատապարտել ինչպես հույների և ասորիների, այնպես էլ եզդիների ցեղասպանությունը: «Մենք կարող ենք ընդունել պարոն Շարմազանովի ներկայացրած նախագիծը, սակայն այնտեղ պետք է նշվի նաև եզդիների ցեղասպանությունը: Սակայն միանշանակ ցանկանում եմ քվեարկության դնել իմ ներկայացրած նածագիծը»,- նշեց Փոստանջյանը: