Գագիկ Ծառուկյանի տարածքները հսկող 100-ից ավել ՊՊԳՎ աշխատակից ազատվել է աշխատանքից: Լուրեր.com-ի հետ զրույցում, այս տեղեկությունը մասամբ հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության և մամուլի հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:

 

Վերջինս հորդորեց, որ այս ամենը դիտենք ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում և ասաց. «Ոստիկանության բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Պետական պահպանության գլխավոր վարչությունում, մշտապես ստուգվում և վերանայվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերը»:

 

Նշենք նաև, որ Armlur.am-ն այսօր տեղեկություն էր հրապարակել, որ շաբաթ օրը ոստիկանությունը զինաթափել է Ծառուկյանի, այսպես ասած, թիկնազորը: Տվյալ դեպքում խոսքը ոչ միայն անձնական թիկնազորի մասին է, այլ հարյուրից ավելի զինյալների, որոնք ի դեպ օրինական զենք կրողներ էին: Խոսքը պետական պահպանության վարչության այն աշխատակիցների մասին է, ովքեր տարիներ շարունակ պայմանագրային հիմունքներով պահպանել են Ծառուկյանի բիզնես-տարածքները: Դրանք հիմնականում նրա ազգականներն են կամ հավատարիմ մարդիկ:

 

Գագիկ Ծառուկյանի թիկնազորին զինաթափելու մասին, ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ ասացին, որ ավելացնելու ոչինչ չունեն. «Այն ինչ կատարվել է, կատարավել է բարեփոխումների շրջանակում»: