ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ որոշումը համապատասխանում էր Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին ընդունած Համահայկական հռչակագրի ոգուն և տառին: «Այս որոշումը փաստացի հանդես եկավ որպես հռչակագրում ներկայացված քայլերի իրագործման սկիզբը:

 

 

Այսօր դե յուրե տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք դե ֆակտո շատ վաղուց խոսում ենք: Թուրքիան հերթական անգամ ապացուցեց, որ չի կարող առանց նախապայմանների երկխոսություն սկսել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը և հավելեց, որ 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները չվավերացնելով, Թուրքիան հերթական անգամ ցույց տվեց միջազգային հանրությանը, որ շարունակում է մնալ իր փոք ր եղբոր'Ադրբեջանի պատանդը:

 

 

Նա նշեց, որ Թուրքիան շարունակում է իր իմիտացիոն քաղաքականությունը: «Հայկական կողմը 2008-2009 թվականներին սկսելով վերը նշված գործընթացը'ցույց տվեց իր քաղաքական հասունությունը և տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու պատրաստակամությունը, սակայն Թուրքիայի պատասխանը բացասական էր»,- ընդգծեց Մարգարովը և հավելեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ նախազգուշացրել էր Թուրքիային, որ հայկական կողմը չի կարող անդադար սպասել պատասխանին:

 

 

2015թվականի փետրվարի 16-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: Հանրապետության Նախագահի նամակում, մասնավորապես, ասված է.

 

 

«Հարգելի պարոն Սահակյան,

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը և բաց թողնվեց հնարավորությունը:

 

 

Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում:

 

 

Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը:

 

 

Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թվականի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար:

 

 

Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ»: