Հոկտեմբերի 11-ի նախագահական ընտրություններում հաղթած Ալեքսանդր Լուկաշենկոն հինգերորդ անգամ ստանձնեց Բելառուսի ղեկավարի պաշտոնը, հաղորդում է «Ինտերֆաքս-Զապադ» գործակալությունը:

 

Նոյեմբերի 6-ին Մինսկի Անկախության պալատում տեղի է ունեցել նրա երդմնատվության արարողությունը:

 

«Ստանձնելով Բելառուսի Հարապետության նախագահի պաշտոնը՝ հանդիսավոր կերպով երդվում եմ՝ հավատարմությամբ ծառայել Բելառուսի Հանրապետության ժողովրդին, հարգել ու պահպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, կատարել ու պաշտպանել Բելառուսի Հանրապետության Սահմանադրությունը, սրբորեն ու բարեխղճորեն կատարել ինձ վրա դրված բարձր պարտավորությունները»,- հայտարարել է Լուկաշենկոն:

 

Դրանից հետո նա ստորագրել է պաշտոնամուտի համապատասխան փաստաթուղթը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան պետության ղեկավարին հանձնել է վկայական, որում հավաստվում է Լուկաշենկոյի՝ երկրի նախագահ ընտրվելու փաստը: