Ադրբեջանում ապրիլի 11-ին մեկնարկել են երկրի նախագահի արտահերթ ընտրությունները:
Երկրի նախագահի պաշտոնին հավակնում են ութ թեկնածուներ՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության թեկնածու, գործող նախագահ Իլհամ Ալիևը, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Արազ Ալիզադեն, «Ադրբեջանի միասնական ժողովրդական ճակատ» կուսակցության թեկնածու Գուդրաթ Հասանգուլիևը, «Ազգային վերածննդի շարժում» կուսակցության թեկնածու Ֆարաջ Գուլիևը, «Մուսաիր Մուսավաթ»-ից՝ Հաֆիզ Հաջիևը, Ազգային ճակատի նախաձեռնող խմբից՝ Ռազի Նուրուլլաևը, Ադրբեջանի դեմոկրատական կուսակցությունից՝ Սարդար Ջալալօղլուն:
Թեպետ թեկնածուների առկայությանը, ակնհայտ է, որ ընտրություններում հաղթողի միակ հավակնորդը վերջին ավելի քան 10 տարիների ընթացքում երկիրը կառավարող Իլհամ Ալիևն է, ով նախկինում արդեն 3 անգամ ընտրվել է այս պաշտոնում (2003, 2008 և 2013 թվականներին): Վերջին տարիների ընթացքում նա լռեցրել է երկրում գործող բոլոր ընդդիմադիր քաղաքական գործիչներին ու լրատվամիջոցներին. շատ ընդդիմադիր գործիչներ ազատազրկվել են կամ արտաքսվել երկրից, իսկ ընդդիմադիր լրատվամիջոցների գործունեությունը պարզապես դադարեցվել է:
Այս ընտրություններն առաջինն են Ադրբեջանում սահմանադրական վերջին փոփոխություններից հետո, որոնք Ալիևին թույլ տվեցին արդեն չորրորդ անգամ առաջադրվել: Հաղթելու պարագայում նա պաշտոնավարելու է յոթ տարի ժամկետով՝ նախկին հինգի փոխարեն։ Բացի այդ, 2016 թվականին Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով վերացվել է թեկնածուի առաջադրման քանակի սահմանափակումը, հետևաբար Ալիևը կարող է յոթ տարին մեկ առաջադրվել այնքան, որքան կցանկանա։
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 5 մլն 309 հազար 434 քաղաքացի, այդ թվում և արտերկրում բնակվող ադրբեջանցիները:
Քվեարկության ընթացքին հետևելու են 894 միջազգային, 58 հազար 175 տեղական դիտորդ, 60 կազմակերպություն:
Քվեարկությունը կավարտվի Ադրբեջանի ժամանակով ժամը 19:00-ին: