Մարտի 1-ի զոհերի ծնողները չեն պատկերացնում, թե կուսակցություն դառնալու դեպքում որն է լինելու «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի դերն ու ձևաչափը քաղաքական դաշտում, բայց պնդում են, որ միայն ՀԱԿ-ն է, լինի դաշինք, թե կուսակցություն, հետամուտ լինելու իրենց երեխաների սպանության բացահայտմանը։
Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, ով նաև ՀԱԿ անդամ է, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը մտադրություն չունի դառնալ ՀԱԿ կուսակցության անդամ։
«Ժամանակը ցույց կտա, թե դրանով ավելի կհզորանան, թե կթուլանան, ես հիմա չեմ կարող ոչինչ ասել։ Ես ՀԱԿ դաշինքի անդամ եմ, բայց մի բան հաստատ գիտեմ, որ ես որևէ կուսակցության անդամ չեմ լինի, իսկ թե իրենք ի՞նչպես հանդես կգան, ի՞նչ ֆորմատով, ես չեմ կարող ասել։ Ես միայն հասկացել եմ, որ Կոնգրեսը որպես դաշինք չի կորչում և որ բոլոր դեպքում հենց դաշինքն է հետամուտ լինելու Մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը»- ասաց նա։
Ինչ վերաբերում է դաշինքի պառակտումներին, ապա նա նկատեց, որ իրենք դրանից ենթադրություններ չեն շտապում անել։
«Մենք բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ ենք, անկախ նրանից, թե ՀԱԿ-ից դուրս են գործում, թե ներսում։ Իհարկե, իրական ընդդիմադիրների մասին է խոսքը, ես կեղծ ընդդիմադիրներից ավելի շատ եմ խորշում, քան ՀՀԿ-ից, որովհետև գոնե նրանք բաց դեմքով են հանդես գալիս։ Խաբողներից, կեղծ ընդդիմությունից մենք կուշտ ենք»,-ասաց նա։
Թե ինչ տեսակետ ունեն ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, ով թեև ՀԱԿ դաշինքից դուրս չի եկել, սակայն առանձին պայքարի ուղի է ընտրել (Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» է ստեղծել, որը ներառում է հանուն ազատ և երջանիկ Հայաստանի մղվող պայքարի, դրա խնդիրների, նպատակների և միջոցների մասին իր պատկերացումներ), Ալլա Հովհաննիսյանը նշեց, որ ինքը չի հավատում, թե ճանապարհները բաժանվել են։
«Նիկոլ Փաշինյանը, որ ասում են առանձին է, ես կարծում եմ, որ չափազանցնում են։ Չեմ ասում, որ տարաձայնություններ չկան, բայց այն, ինչ-որ ներկայացնում են, չեմ էլ կարծում, որ այդպես է։ Ես սպասում եմ մարտի 1-ի հանրահավաքին և շատերը կհամոզվեն, որ դա այդքան էլ այդպես չէ։ Համոզված եմ, որ բոլորն էլ կգան և կկանգնեն իրար կողքի։ Ի վերջո, բոլորի խնդիրն իշխանությունից ազատվելն ու երկրում ժողովրդավարություն հաստատելն է»,- նշեց նա։
Տիգրան Խաչատրյանի մայրը նշեց, որ իրենք ծնողներով կգնան Ազատության հրապարակ, ապա Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ կդնեն և կրկին կպահանջեն բացահայտել գործը։
«Ես ուզում եմ, որ քաղաքական ուժերն իմանան, մենք՝ զոհերի ծնողներս, որևէ հարցի շուրջ որևէ մեկի հետ չենք պայմանավորվում։ Մենք միայն մեկ հարցի ենք հետամուտ լինում՝ որ բացահայտվեն և այս իշխանություններից ազատվենք, որովհետև, եթե մի քանի տարի առաջ կարծում էի, որ Քոչարյանն է գլխավոր պատասխանատուն, Սերժ Սարգսյանը գործը փակելով ապացուցեց, որ չէ, ոչ պակաս ինքն է մեղավոր։ Եթե որևէ մեկը չգա էլ, մենք գնալու ենք, չնայած որ համոզված եմ, որ Նիկոլն էլ կգա, մյուսներն էլ»,-ասաց նա։
Ալլա Հովհաննիսյանը այս ամենն ասաց՝ ի գիտություն կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ով լսելով, որ 10 զոհերի ծնողները դատարան են դիմել Հայոց պատմության դասագրքում մարտի 1-ի իրադարձությունը խեղաթյուրելու համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով, նշել էր, որ ընդդիմությունը այս ծնողներին օգտագործում է։
«Ոնց որ Աշոտյանը այդ պատմության դասագրքով ասում է, թե՝ հերիք չի՞ ծնողներին օգտագործեք։ Ամոթ է էլի, եթե օգտագործվող լինեինք, առաջինը դուք կօգտագործեիք»,-վրդովվեց նա։
Մարտի 1-ի դեպքերի 10 զոհերից Գոռ Քլոյանի հայրը, Սարգիս Քլոյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք ՀԱԿ-ից չեն բաժանվելու՝ դաշինք մնա, թե կուսակցություն դառնա։
«Մարտի 1-ի զոհերի հարազատներս, այսինքն՝ տուժողների իրավահաջորդներս, հավատարիմ ենք ՀԱԿ-ի սկզբունքներին, նույնիսկ եթե դառնա կուսակցություն, տարբերություն չկա, մենք ՀԱԿ-ից չենք բաժանվելու, մենք ուրիշ ճանապարհ չունենք»,-նշեց նա։
Այն, որ ՀԱԿ-ը կազմաքանդվում է Սարգիս Քլոյանը դա համարում է քաղաքական գործ և տեղին չի համարում իր մեկնաբանությունը։ Իսկ կոնկրետ Նիկոլ Փաշինյանին նա հավատում է։
«Փաշինյանին հավատում եմ, նրա ամեն մի խոսքին, նա ազնիվ պայքարող երիտասարդ է։ Ապագա նախագահն է մեր երկրի։ Ժամանակի հարց է, իրանց մեջ ոչ մի բան չկա, ուղղակի տարբեր են հայացքները, որն էլ ճիշտ ժամանակին կհարթվի»,- համոզմունք հայտնեց Սարգիս Քլոյանը։