Արդեն հայտնի են հեռուստառադիոընկերությունների քաղաքական գովազդի գները: «Շանթ» -120 000 դրամ (ներառյալ ԱԱՀ)
«Արմենիա TV » -110 000 դրամ (ներառյալ ԱԱՀ)
Հ1-80 000 դրամ (ներառյալ ԱԱՀ)
Հ2 -60 000 դրամ (ներառյալ ԱԱՀ) / 30 000 դրամ (ներառյալ ԱԱՀ)' մինչև ժամը 18:00-ը
«Կենտրոն»- 32 400 դրամ (ներառյալ ԱԱՀ)
«Երկիր Մեդիա» – 30 000 դրամ (առանց ԱԱՀ)
«Ա TV»- 24 000 դրամ (ներառյալ ԱԱՀ)
«ԱՐ»- 20 000 դրամ (ներառյալ ԱԱՀ)
«ԱրմՆյուզ»- 18 000 դրամ (ներառյալ ԱԱՀ)
«Երեւան»- 15 000 դրամ (ներառյալ ԱԱՀ)
«ՌԱԴԻՈ 107 ՖՄ»- 2800 դրամ (ներառյալ ԱԱՀ)
«Հանրային ռադիո»- 3600 դրամ (ներառյալ ԱԱՀ):
Aravot.am-ը ՀՀ նախագահի որոշ թեկնածուներից հետաքրքրվեց՝ արդյոք այդ սակագները խելամիտ ու հասանելի՞ են բոլոր թեկնածուների համար:
ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն այսպես պատասխանեց. «Եթե նայում ենք գովազդային քաղաքականությանը և վճարումներին, ապա այդ դեպքում մեր բյուջեն կլցվեր: Բայց ես կասկածում եմ, որ այդ գումարները գնում են պետբյուջե, քանի որ իրոք սարսափելի թվեր են: Պատկերացրեք, թե ինչ փողեր են ատկատ արվում: Չեմ պատկերացնում, որ որևէ մեջք չունեցող մարդուն հնարավորություն կընձեռվի ունենալ նման եկամտաբեր գործ: Ինչ վերաբերում է իմ՝ վճարովի եթերաժամանակից օգտվել-չօգտվելուն, ապա տեսնենք, թե նախընտրական բյուջեն որքան է հավաքվում: Դա կերևա առաջին մի քանի օրվա ընթացքում: Խնդիրն այն է, որ Նոր տարում որոշ թեկնածուների ավելի շատ ցույց տվեցին հեռուստաընկերությունները, քան Ձմեռ պապիկին ու Ձյունանուշիկին: Արդեն անհավասարություն է դիտվում: Օրինակ՝ ես ժամը երկուսին հանձնել եմ գրավի անդորրագիրը, բայց հեռուստաընկերություններն այդ մասին չասացին: Անգամ եթե Հանրայինի սուրհանդակը իր ձիով Նորքից իջներ ԿԸՀ, կրկին կհասցնեին մինչև ժամը 21.00-ն այդ լուրը հասցնել: Ես այստեղ միտում եմ տեսնում»:
ՀՀ նախագահի թեկնածու, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 15 տարի, աշխատելով հայաստանյան ԶԼՄ-ների ոլորտում, հստակ պատկերացում ունի՝ որ ԶԼՄ-ի հետ է անհրաժեշտ աշխատել և այն ինչ լսարան ունի: Ուստի այդ փորձի վրա հենվելով կազմակերպելու է իր գովազդային արշավը:
Այնուհետև անդրադառնալով վճարովի եթերաժամանակի հետ կապված մեր հարցին՝ մանրամասնեց. «Սակագներն իրական են, եթե հաշվի առնենք, որ օրենքի պահանջն է՝ վեց ամսվա նախորդող ժամանակահատվածում հեռուստառադիոընկերությունները պետք է ներկայացնեն այդ սակագները, ուստի այդտեղ խնդիր չեմ տեսնում: Ընտրական պրոցեսը ենթադրում է, որ թեկնածուները պիտի ձևավորեն իրենց հիմնադրամները, նրանք իրավունք ունեն հինգ միլիոն դրամի չափով սեփական ներդրում կատարել: Այդ հիմնադրամները չեն կարող լինել այդ սահմաններից ավելի: Եթե համադրենք օրենքով թույլատրող գումարի չափն ու սակագները, ապա կարելի է նշել, որ այդ սակագները թույլ են տալիս թեկնածուներին իրազեկել հասարակությանը իրենց ծրագրերի մասին մեկ ամսվա ընթացքում: Իսկ եթե նկատի ունեք, որ ինչ-որ թեկնածուներ կարող են հինգ միլիոն դրամից ավելի ծախսել , ապա դա օրենքից դուրս մոտեցում է: Իսկ այն, ինչ օրենքից դուրս է, ինձ համար ընդունելի չէ »:
Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի հանրային կապերի պատասխանատու Կարինե Հարությունյանն էլ փոխանցեց իրենց կարծիքը. «Կան որոշ հեռուստառադիոընկերություններ, որոնք խելամիտ սակագներ ունեն, և մենք կօգտվենք նրանց ծառայություններից: Ցանկացած հեռուստաընկերություն մասնավոր կառույց է, և ինքն է իր սակագները որոշում: Այստեղ քննադատելու բան չունենք»:
Էպոսագետ Վարդան Սեդրակյանն էլ չցանկացավ պատասխանել մեր հարցերին: Իսկ երբ ասացինք, թե իր՝ որպես նախագահի թեկնածուի շահերից է բխում ներկայացնել սեփական տեսակետները լսարանին, պարոն Սեդրակյանն այսպես արձագանքեց. «Ինչ անեմ, ես մի կերպ յոլա կգնամ առանց Aravot.am-ի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ