ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակի ընդլայնումը չի ծառայում ներուկրաինական հակամարտության լուծում գտնելու ի հայտ եկած հնարավորությանը. Ռուսաստանը համարժեք կհակազդի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, փետրվարի 16-ին հայտարարել են ՌԴ ԱԳ նախարարությունում:

 

«Տարակուսանքով ծանոթացանք Ռուսաստանի մի շարք ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակի ընդլայնման վերաբերյալ Եվրամիության արտաքին գործերի խորհրդի փետրվարի 9-ի որոշմանը, որը ուժի մեջ Է մտել փետրվարի 16-ին,- նշել են արտաքին գործերի նախարարությունում:-Եվրամիությունը հերթական անգամ չփորձեց քննադատաբար եւ անկողմնակալ կերպով վերլուծել Ուկրաինայի հարավ-արեւելքում ստեղծված իրադրության Էսկալացման իրական պատճառները եւ կրկին նախընտրեց ղեկավարվել Կիեւի «պատերազմի կուսակցության» ցուցումով»:

 

«Այսօրինակ որոշումները հատկապես անհեթեթ են Մինսկի փետրվարի 12-ի պայմանավորվածությունների ֆոնին, որոնց ձեռքբերման աշխատանքին մասնակցել են ԵՄ-ի առաջատար անդամ երկրների ղեկավարները»,-հավելել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:

 

«Մի բան պարզ Է՝ նման որոշումները, որոնց համարժեք հակազդում կհետեւի, հակասում են առողջ դատողությանը եւ չեն ծառայում ներուկրաինական հակամարտության լուծում գտնելու ի հայտ եկած հնարավորությանը»,-ամփոփել են ռուս դիվանագետները:

 

Եվրամիությունը փետրվարի 16-ին հրապարակել հակառուսական պատժամիջոցների նոր ցուցակը՝ դրանում ներառելով 19 ֆիզիկական եւ 9 իրավական անձանց: Ցուցակում ընդգրկվել են ՌԴ-ի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, Պետդումայի պատգամավոր Յոսիֆ Կոբզոնը, Պետդումայի պատգամավոր, ՌԴ-ի կոմկուսի Մոսկվայի բաժանմունքի ղեկավար Վլադիմիր Ռաշկինը ու եւս երկու ռուսաստանցիներ: Ցուցակում ներառումը հանգեցնում Է Եվրամիության տարածք մուտքի արգելքի եւ նրանց հաշիվների սառեցման Եվրոպայի բանկերում, եթե այդպիսիք հայտնաբերվեն:

 

ԵՄ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել նաեւ Ուկրաինայի արեւելքի 14 բնակիչներ եւ 9 կազմակերպություններ՝ ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) աշխարհազորայինների ջոկատներ: Ցուցակի նոր խմբագրումը հրապարակված Է ԵՄ-ի պաշտոնական պարբերագրում, եւ այդ պահից մտել Է ուժի մեջ: