Հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ խորհրդարանից ետ կանչելու Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը կանխատեսելի էր եւ հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ տրամաբանական եւ ճիշտ քայլ: Տեսակետը «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանինն է: «Արմենպրես»- ի հարցին ի պատասխան Մինասյանը շեշտում է, որ միջազգային հանրությունը նույնպես տեղյակ է, թե ինչու հայ-թուրքական արձանագրությունները իրականություն չդարձան:

 

«Հայ-թուրքական արձանագրությունների գլխավոր դերակատար-պետությունները գիտեն, թե ինչ է տեղի ունեցել: Միջազգային հանրության արձագանքը կլինի կանխատեսելի, քանի որ այն տեսնում էր, որ այդ արձանագրությունները մտել էին փակուղի»,- ասում է Մինասյանը' հավելելով, թե չի բացառում, որ Թուրքիան գուցե շահարկի արձանագրությունները խորհրդարանից ետ կանչելու փաստը, սակայն այս պարագայում հայկական կողմն ընտրել է չարյաց փոքրագույնը: «Անկախ ամեն ինչից թուրքական կողմը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ շահարկելու էր հայ-թուրքական արձան ագրությունները: Այս պարագայում, վստահաբար, ազդեցությունն ավելի քիչ կլինի թե՛ քաղաքական, թե՛ քարոզչական իմաստով»,- ասաց Մինասյանը:

 

Քաղաքագետի գնահատմամբ, հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանի օրակարգից ետ կանչելով' ՀՀ նախագահը փորձել է նաեւ ներքաղաքական խնդիրներ լուծել, քանի որ, թե՛ Սփյուռքն էր դեմ այդ արձանագրություններին, թե Հայաստանի եւ սփյուռքի կյանքում մեծ դերակատարություն ունեցող Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որոնք հենց արձանագրությունների պատճառով լքեցին իշխանական կոալիցիան: Քաղաքագետը չի բացառում, որ նոր իրավիճակում ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը կարող է ավելի սերտանալ եւ նոր ձեաչափով հանդես գալ:

 

Փետրվարի 16-ին Նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: