«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը տեղյակ չէ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու պատճառների մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանը խորհուրդ տվեց մանդատից հրաժարվելու պատճառների մասին հարցնել պատգամավորին:

 

Հարցին, թե պատգամավորն ԱԺ նախագահին պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմում գրելուց առաջ խմբակցությանը տեղյակ չի՞ պահել, Ուրիխանյանը բացասական պատասխան տվեց:

 

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Մինչ այդ ԲՀԿ խմբակցությունը լքելու մասին դիմում էր ներկայացրել նաև պատգամավոր Արագած Ախոյանը: Փետրվարի 16-ին լուրեր շրջանառվեցին այն մասին, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը ևս ԱԺ նախագահին խմբակցությոնւը լքելու մասին դիմում է ներկայացրել: ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Արսեն Բաբայանը «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ խմբակցությունը լքելու մասին ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված չէ, որ դիմեն ԱԺ նախագահին՝ հավելելով, որ Կարո Կարապետյանից ԱԺ աշխատակազմը նման դիմում չի ստացել: