Կանադայում Երկրապահ կամավորական միության ներկայացուցիչ Խորեն Մարդոյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
Սիրելի հայրենակիցներ,
Վերջին ժամանակահատվածում Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը խորապես մտահոգում է կանադահայությանը և առավել ևս այն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում առանց այն էլ արտաքին շատ լուրջ մարտահրավերներով լի Հայաստանի Հանրապետության համար:
Ինչ խոսք, մեր պատմության ընթացքում գաղափարական տարակարծություններ միշտ էլ եղել են և կլինեն, բայց կարծում ենք, որ երկրի ռազմավարական այս կարևոր կիզակետում անհրաժեշտ է միասնական լինել, որպեսզի ազգովի կարողանանք դիմագրավել այն բոլոր մարտահրավերներին, որ ծառացած են մեր հայրենիքի սահմանների շուրջ:
Այս կերպ մենք կարող ենք ապացուցել աշխարհին, որ հայ ազգը իսկապես կայուն է և միասնացած, զորեղ է ինչպես Հայերնիքի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Հանրապետությունում շարունակվող ներքաղաքական իրադարձությունների զարգացումներըմիանշանակ հարված կարող են հասցնել մեր ազգային անվտանգությանը: Այս պատասխանատու ժամանակահատվածում՝Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին, երբ ողջ աշխարհի ուշադրությունը բևեռված է Հայաստանի վրա, մենք առավել զգոն պետք է լինենք՝ մեր երկիրը զերծ պահելու անցանկալի ներքաղաքական բախումներից և ցնցումներից: Մենք պետք է մեր թշնամուն փնտրենք ոչ թե մեր մեջ, այլ առաջնագծում՝ սահմանի վրա, որ գրեթե ամեն օր խլում է հայ զինվորի կյանքը:
Սիրելի հայերնակիցներ,
Այսօրվա Հայաստանը ձեռք է բերվել ազգի միավորման, հայ ժողովրդի ճշմարիտ ու ազնիվ կեցվածքի և քրիստոնեական հավատքի շնորհիվ: Միայն համախմբումը և միասնականացումը կարող է երկիրը զերծ պահել անցանկաիլ ցնցումներից:
Մենք քաջ գիտակցում ենք և համոզված ենք, որ դարեր շարունակ, հակառակ ամբողջովին կործանման սպառնալիքներին, հայ ազգը կարողացել է վերածնվել և միավորվել իր Հայրենիքի շուրջ, ուստի կոչ ենք անում զերծ մնալ քաղաքական անցանկալի զարգացումներից, որոնք կարող են վնաս հասցնել մեր երկրի հեղինակությանը միջազգային հարթակներում: Որպես ազգ սատար կանգնենք մեր պետությանը և միասին կարողանանք հաղթահարել այն բոլոր դժվարությունները, որ ծառացած են մեր երկրի առջև: