Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրադրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է հենց Ապաթուրայը:

 

«ՆԱՏՕ-ն իր դիրքորոշումն ունի այս հարցում: Շփման գծում տիրող իրավիճակը մտահոգություն է առաջացնում: Իրադրությունը բարդ է: Հյուսիսատլանտյան դաշինքը կարծում է, որ կողմերը պետք է աշխատեն խաղաղ կարգավորման շուրջ: Մեր պաշտոնական դիրքորոշումն այսպիսին է. մենք աջակցում ենք Մինսկի խմբին և փոխհամաձայնության սկզբունքի հիման վրա հակամարտության կարգավորմանը»,- ասել է Ապաթուրայը՝ հիշեցնելով, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: