ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեին, ով Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցի շրջանակներում:

 

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, երկուստեք ընդգծվել է տարբեր ոլորտներում՝ այդ թվում մշակութային, գիտակրթական, առևտրատնտեսական, ռազմաքաղաքական համագործակցության, միջխորհրդարանական կապերի և կայուն զարգացմանը նպաստող ծրագրերի բարձր մակարդակը:

 

 

Կարեն Նազարյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, ներկայացրել Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում ադրբեջանական կողմից շարունակվող հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների ու իրականացվող վտանգավոր սադրանքների մասին՝ ընդգծելով, որ Բաքվի ղեկավար պաշտոնյաները չեն դադարեցնում սպառնալիքների ու ատելության քարոզը, ինչը նպաստավոր պայմաններ չի ստեղծում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի համար:

 

 

Անդրեաս Պեշկեն հավաստիացրել է, որ 2016թ. Գերմանիայի ԵԱՀԿ նախագահության ընթացքում Բեռլինը կշարունակի սատարել համանախագահների միջնորդական ջանքերին՝ իր հերթին նույնպես կարևորելով վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցառումների իրականացումը:

 

 

Կողմերը պայմանավորվել են շարունակել արդյունավետորեն ընթացող քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը բազմակողմ ձևաչափերում և հարթակներում: