Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը նշել Է, որ մի քանի երկրներ, ի դեմս Եվրասիական տնտեսական միության տեսնելով մրցակցի, փորձում են վիժեցնել ինտեգրման գործընթացը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԴ ԱԽ-ի աշխատակազմի մամուլի ծառայությանը, Պատրուշեւն այս հայտարարությունն արել Է Աստանայում՝ Ղազախստանի նախագահի օգնական, հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Նոռլան Երմեկբաեւի հետ կայացած հանդիպմանը:

 

 

«Արդի փոփոխվող աշխարհում մի քանի երկրներ, ի դեմս ԵՏՄ-ի, պոտենցիալ լուրջ մրցակցի են տեսնում համաշխարհային Էկոնոմիկայում եւ քայքայիչ գործունեություն են ծավալում ինտեգրացման գործընթացները վիժեցնելու համար»,-ընդգծել Է նա: Պատրուշեւի խոսքով՝ նոր կառույցի հիմնական խնդիրը դրա մեջ մտնող երկրների ինտեգրացման ամրապնդումն Է, ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժման խոչընդոտների վերացումը:

 

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի՝ Ղրղզստան այցի ընթացքում նաեւ երկու երկրների փորձագետների համատեղ կոնսուլտացիաներ են կայացել լայն շրջանակի հարցերի շուրջ, որոնք վերաբերում են միջազգային անվտանգության ներկա վիճակի թեմային: Մասնավորապես, քննարկվել Է Կենտրոնական Ասիայի երկրների իրադրությունը, արծարծվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում երկրների ազգային անվտանգության ընթացիկ խնդիրների շուրջ համագործակցության հարցերը: