Ստեղծված ճգնաժամի պատճառով Մերձավոր Արևելքից փախստականների հոսքը Եվրոպա կանխելու համար Եվրամիությունը մեծ ֆինանսական միջոցներ է հատկացրել նրանց Թուրքիայում պահելու համար: Օգտվելով այդ առիթից՝ Անկարան փորձում է արագացնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, 11 տարի ընդմիջումից հետո Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-Թուրքիա գագաթաժողովից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ համաձայնության են եկել Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցով տարեկան երկու գագաթնաժողով անցկացնել և արագացնել անդամակցության գործընթացը:

 

Դավութօղլուն ասել է, որ թուրքական կողմն առաջարկել է թուրք քաղաքացիների համար ԵՄ վիզային ռեժիմը վերացնել մինչև 2016 թվականի հոկտեմբերը, նախատեսված 2017 թվականի նոյեմբերի փոխարեն:

 

Դրա դիմաց ԵՄ-ն Անկարայից պահանջում է 2016 թվականի հոկտեմբերից ուժի մեջ մտցնել ԵՄ և Թուրքիայի միջև փախստականներին հետ վերցնելու՝ ռեադմիսիայի մասին համաձայնագիրը: Ավելի վաղ ենթադրվում էր, որ այն կսկսի գործել 2017 թվականի հոկտեմբերի 1-ից: Այդ համաձայնագիրը նախատեսում է ԵՄ-ից Թուրքիա փախստականների վերադարձը, որոնք այդ երկրի տարածքով Եվրոպա են եկել երրորդ երկրներից:

 

Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ ԵՄ-ն Թուրքիային 3 մլրդ եվրո է հատկացրել փախստականներին իր տարածքում պահելու համար: