Անցյալ երեկոյան մոտ ժամը 22-ին Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում ընկերների հետ ձնագնդի խաղալու ժամանակ մի խանութպանի կողմից դանակով սպանվել է Թուրքիայի գրողների միության անդամ, լրագրող Նուհ Քյոյքլուն: Քյոքլուն հայտնի է որպես Թուրքիայի կառավարության կողմից առաջ քաշված «Ներքին անվտանգության փաթեթին» դեմ հանդես եկող լրագրող, որով սահմանափակումներ են մտցվում տարբեր բող ոքի ակցիաների մասնակիցների դեմ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, ձնագնդի խաղացողներից մեկի կողմից նետված ձնագնդին պատահաբար դիպել է մոտակա մանր առեւտրի խանութներից մեկի պատուհանին: Խանութպանը դուրս է վազել եւ Քյուքչուի սրտին դանակով հարվածել այն պահին, երբ նա փորձում էր օգնել ոտքի կանգնել ձյան վրա սայթաքած իր ընկերներից մեկին:
Մարդասպանը, որի անունը չի հրապարակվում, Քյոքլուին սպանելուց հետո բացականչել է, որ իրեն ձերբակալելուց հետո անմիջապես ազատ է արձակվելու, քանի որ պաշտպանվում է իշխանությունների կողմից:
Քյոքլուն թուրքական «Սաբահ» թերթի նախկին աշխատակից է: Նա այն 10 լրագորղներից մեկն է, ով աշխատանքից ազատվել էր 2009 թվականին այդ թերթի աշխատակիցների կողմից կազմակերպված գործադուլի պատճառով: 2002-2003 թվականներին Քյոքլուն թուրքական Bianet թերթի խմբագիրն է եղել:
Լրագրողի սպանության հետ կապված' «Անվճար համերաշխություն» լրագրողական կազմակերպության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ «դա «Ներքին անվտանգության փաթեթով» խանութպանին ոստիկանի լիազորություններ տված իշխանության կատարած սպանություն է»: «Հասկանալի չէ, անտանելի է հոգեկան հիվանդ հասարակության մեջ նման հեղափոխականի այդքան զարհուրելի մահը: Դա մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարող խմբի դեմ իշխանությունների ատելության արդյունքն է», -նշված է հայտարարության մեջ:
Թուրքական DemokratHaber կայքը լրագրող Քյոքլուի սպանության առնչությամբ մեջբերել է Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին ելութներից հետեւյալ հատվածը. «Մեր մշակույթում խանութպանն ու արհեստագործն անհրաժեշտության դեպքում զինվոր եւ ալփերեն (հայրենիքի նվիրյալ) են: Հարկ եղած դեպքում' հայրենիքի պաշտպան մարտիրոս, գազի (իսլամի մարտիկ), հերոս է: Պետք եղած ժամանակ' կարգապահություն սահմանող ոստիկան, արդարություն ապահովող դատավոր եւ դատախազ է»: